Գլխավոր / Դատարան / Երեք հոգու կացնահարած մեղադրյալը հղի կնոջը ծեծի էր ենթարկում․ դատ

Երեք հոգու կացնահարած մեղադրյալը հղի կնոջը ծեծի էր ենթարկում․ դատ

Երեք հոգու կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը պնդում է, որ զղջում է իր արարքի համար՝ միևնույն ժամանակ տեղի ունեցածում մեղադրելով նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին։ Վերջինս դատարանում պատմել է, որ ամուսինը իրենց ամուսնության տարիների ընթացքում և բաժանումից հետո իրեն բռնություննների է ենթարկել։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Մանսուրյանների ընտանիքի գործով դատավարությունը։ Նիստին որպես վկա ցուցմունք է տվել կացնի վնասվածքներից մահացած Կարինե Մանսուրյանի դուստրը՝ Թագուհի Մանսուրյանը, ով նույնպես բազմաթիվ հարվածներ է ստացել նախկին ամուսնուց՝ ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից։

Մանսուրյանը պատմել է, որ ամուսնության սկզբնական շրջանից՝ 2014 թվականից, ինքն ամուսնու կողմից բռնությունների է ենթարկվել։ Բռնությունները չեն դադարել անգամ հղիության ժամանակ, ինչի պատճառով նաև երեխային կորցնելու վտանգ է առաջացել։

«Հղի ժամանակ ինձ տանը խփեց, փորձեցի տնից փախնել, չկարողացա։ Դանակը վերցրեց, պահեց որովայնիս։ Էդ ժամանակ իր մորաքրոջ տղան էլ էր մեր տանը, բայց ոչ մի կերպ չմիջամտեց։ Ես հեռախոսը վերցրեցի, որ իր հորեղբորը զանգեի, գար ինձ տաներ, որովհետև ինքն էր ինձ ասել, որ նորից Վլադիկը ձեռք բարձրացնի, իրան ասեմ, բայց Վլադիկը չթողեց ու շարունակեց ծեծել», — ասել է Թագուհի Մանսուրյանը։

Մեկ տարի կրկնվող բռնություններից հետո Թագուհին բաժանվել է, սակայն վեճերն ու բռնությունները չեն դադարել։ 2015 թվականի փետրվարի 9–ից կինը պարբերաբար բողոքներ է ներկայացրել ոստիկանություն, սակայն դրանց երբևէ ընթացք չի տրվել։ Նրա խոսքով՝ ոստիկանները անհետևողական վերաբերմունք են ցուցաբերել նաև դեպքի օրը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։

«Դեպքի օրը՝ հունիսի 7-ի գիշերը լույս 8 -ին, երբ Վլադիկը էկել էր մեր տան մոտ, մայրս զանգել էր ոստիկանություն ու ասել, որ գան օգնության, որովհետև, երբ ես գամ, նորից հարձակվելու է իմ վրա։ Բայց ոստիկանները էլի ոչ մի բան չեն արել։ Երբ ես հասա մեր պադյեզդի մուտքի մոտ, Վլադիկը հարձակվեց իմ վրա ու խփեց, որից հետո հայրս ինձ տուն տարավ, իսկ Վլադիկը սկսեց մամայիս հարվածել։ Դրանից հետո վիճաբանություն սկսվեց, ու Վլադիկը զանգեց ոստիկանություն ու ասեց, որ Կարինեն, Վաչագանը ու Թագուհին ծեծում են իրեն։ Իրանք էլ էկան և ուզում էին մեզ բոլորիս տանել ոստիկանության բաժանմունք, բայց ես խնդրեցի, որ գոնե հայրս մնա տանը երեխայի հետ, որովհետև ոչ մեկին չեմ կարա էրեխուն թողնեմ»։

Մանսուրյանի խոսքով՝ ոստիկանները չեն կարողացել բերման ենթարկել Վլադիկին այն պատճառով, որ վերջինս չի ենթարկվել՝ պնդելով, թե պետք է մնա ու սպասի շտապօգնության մեքենային, քանի որ ծեծի հետևանքով իրեն վատ է զգացել և բուժօգնության կարիք ունի։

Ոստիկանությունում մոտ 3 ժամ ցուցմունք տալուց հետո՝ գիշերը ժամը 4։30-ի սահմաններում, Թագուհին և իր մայրը վերադարձել են տուն։ Շենքի դիմաց Թագուհու մայրը խնդրել է ոստիկանության աշխատակիցներին ստուգել տարածքը՝ տեսնելու համար արդյոք Վլադիկն այդտեղ է, սակայն ոստիկանները մեքենայի միջից նայել են ու հավաստիացրել, որ ամեն ինչ կարգին է։

Թագուհին և մայրը մտել են շքամուտք, որտեղ Թագուհին փորձել է բանալիով բացել իրենց տան դուռը, սակայն ուժեղ հարված է զգացել ուսին։ Հարվածից պտտվել է ու տեսել է կացինով կանգնած Վլադիկին։

Վլադիկ Մարտիրոսյանը՝ աջից

«Էդ ժամանակ ես սկսեցի ուժեղ գոռալ, իսկ մայրս կանգնեց իմ ու Վլադիկի արանքը, որ ինձ պաշտպանի։ Դրանից հետո ես մենակ հիշում եմ իմ ընկնելը ու աղոտ հիշում եմ պապայիս դեմքը։ Հետո գիտակցությունս կորցրել եմ ու արթնացել եմ հիվանդանոցից ուժեղ լույսերից, որտեղ պատգարակի վրա հորս եմ տեսել արնաշաղախ։ Դրանից հետո կրկին կորցրել եմ գիտակցությունս և արդեն արթնացել եմ բոքսում»,- պատմել է Թագուհին։

Տուժողներ Թագուհի Մասնուրյանը և նրա հայրը՝ Վաչագան Մանսուրյանը

Մարտիրոսյանն այսօրվա նիստի ժամանակ պնդել է, որ այդ դեպքը տեղի չէր ունենա, եթե Թագուհին իրեն թույլ տար տեսակցել իր երեխային․ «Ես զղջում եմ կատարվածի համար, բայց դրա մեղավորը դու էիր, ու դա տեղի չէր ունենա, եթե չխոչնդոտեիր երեխային տեսակցել»։

Թագուհին, իր հերթին, դատարանում պնդել է, որ նախկին ամուսինը ոչ մի անագմ չի հետաքրքրվել երեխայի որպիսությամբ։

Դատարանի որոշման համաձայն, Մարտիրոսյանը կարող էր տեսակցել երեխային միայն շաբաթական երկու անգամ երկու ժամով, սակայն Թագուհու խոսքով՝ Վլադիկը որդուն տեսակցելու համար միայն մեկ անգամ է գնացել Դատական ակտերի հարկադիր ծառայություն, որտեղ կազմակերպվում են տեսակցությունները:

«Ես երեխային հինգ անգամ տարել եմ ու մենակ մի անգամ ա էկել, իսկ մյուս անգամները ես գնում էի, սպասում էի, բայց ինքը չէր գալիս, հետո պատճառաբանում էր, թե ամեն անգամ էրեխուն տենալու համար Ղարաբաղից չի կարա հասնի Երևան։ Դրանից հետո ես խնդրեցի դադարեցնել տեսակցությունները և գործ ուղարկվեց դատարան։ Ու հենց ԴԱՀԿ-ում էլ Վլադիկը ինձ սպառնաց, որ կսպանի ինձ, իսկ երեխան մինչև երկու տարեկան չի բոլորի ու մանկատուն կընկնի»,- նշել է Թագուհի Մանսուրյանը։

Այս դատական նիստի ժամանակ Թագուհի Մանսուրյանի վկայությունն ավարտվել է․ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 28-ին։

Նշենք, որ Վլադիկ Մարտիրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, (հանցափորձ, երկու և ավելի մարդկանց սպանություն) 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության հանցափորձ), և 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության սպառնալիք)։