Home / Առողջապահություն / Դատապարտյալի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Դատապարտյալի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Կալանքի հետ անհամատեղելի Պարկինսոնի համախտանիշ ունեցող «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահը հնարավոր է անզգուշությամբ առաջացած լինի բժշկական օգնություն իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով։ Այս մասին հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Դատախազության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դատապարտյալը՝ «աստենո-նևրոտիկ սինդրոմ, էնցեֆալոպատիա, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ մարտի 31-ին տեղափոխվել է նախ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այնուհետև՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել են «հեպատիտ C», «լյարդ-բջջային անբավարարություն», «հոգեկան և վարքային խանգարումներ՝ կապված նարկոմանիայի հետ» հիվանդությունները:

Ընդամենը մեկ օր անց՝ ապրիլի 1-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դատապարտյալը  դուրս է գրվել և կրկին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ:

Ապրիլի 1-ին Գևորգյանը  «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ-ում ենթարկվել է բուժզննության, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «հոգեկան և վարքային խանգարումներ՝ նարկոմանիայի հետ կապված» հիվանդությունը, նշվել, որ ստացիոնար բուժման կարիք չունի և նրա մոտ նկատվում են «ագրավացիայի» երևույթներ (երբ հիվանդը չափազանցնում է ունեցած ցավերը կամ հիվանդությունը֊խմբ․)։ Այդ հիմնավորմամբ նույն օրը դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ, որտեղ ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, մահացել է:

Ավելի վաղ Գևորգյանի պաշտպանները՝ Հելսինկյան ասոցիացիայի ներկայցուցիչները նշել էին, որ Գևորգյանի մահը պատահականություն չէր և կարող էր կապված լինել կալանավորի կողմից բանտի բարքերի մասին բարձրաձայնումների հետ։ Նրա փաստաբան Նինա Կարապետյանցը նաև նշել էր, որ երբ ինքը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնտեղից ասել էին, որ գործին լավ ծանոթ են և որ Գևորգյանը «սիմուլյանտ է»։

Նշենք, որ Գևորգյանը տառապում էր քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Գևորգյանը բազմիցս բողոքել է բանտում տիրող իրավիճակից, իր նկատմամբ վերաբերմունքից, համապատասխան բժշկական օգնության բացակայությունից:

Կալանավորը նաև բաց նամակ էր հրապարակել բանտային բարքերի մասին։ Նա մի քանի անգամ բռնությունների է ենթարկվել բանտում։ Գևորգյանը նաև նշում էր, որ իր գործի քննության ընթացքում իրեն սպառնացել է բարձրաստիճան ոստիկան Արթուր Գևորգյանը։  2013 թվականի վերջին՝ Հրաչյա Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին ինքնահրկիզման փորձի է դիմել՝ ի պաշտպանություն որդու իրավունքների: