Home / Հայաստան / Աճեմօղլու․ Հայաստանը անհույս է

Աճեմօղլու․ Հայաստանը անհույս է

Խորհրդային միության անկումից հետո Հայաստանը կարող էր զարգանալ այն ուղով, որով Էստոնիան կամ Չեխիան զարգացան, սակայն, ցավոք, Հայաստանն ավելի նման է այլ հետխորհրդային երկրներին, ինչպես, օրինակ, Ուզբեկստանն է, որտեղ նախկին կոմունիստական էլիտաները շարունակել են վերահսկել իրավիճակը և փակ պահել իրենց երկրները աշխարհի առջև։ Այսպիսի կարծիք է հայտնել «Ինչու են պետությունները ձախողում» (why nations fail) գրքի հեղինակ, պրոֆեսոր ամերիկաբնակ թուրքահայ Տարոն Աճեմօղլուն ապրիլի 9-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կազմակերպած գիտաժողովի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Սիվիլնեթը։

«Առավել հւսահատեցնող է այն հանգամանքը, որ, օրինակ, ամենաանհաջող անցումային երկրներից մի քանիսում, օրինակ՝ Ղազախստանում, իրավիճակը լավանում է։ Այսօր Ղազախստանը շատ հեռու է ժողովրդավարական լինելուց, բայց որոշակի քայլեր արվում են ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ։ Մինդեռ Հայաստանում սկզբը լավ էր, բայց գնալով ավելի ու ավելի վատացավ։ Ես համարյա լրիվ հույսս կտրել եմ Հայաստանից վերջին տարիներին, քանի որ կոռուպցիայի մակարդակը, քաղաքական վերահսկողության մակարդակը, քաղաքական գործիչների կողմից համակարգը ավելի փակ դարձնելը՝ բացելու փոխարեն, արվում է շատ սիստեմատիկ կերպով», – ասել է Աճեմօղլուն։

Ըստ նրա՝ այս վատ իրավիճակի պատճառներից է այն, որ իշխանությունները չեն փոփոխվում ընտրությունների միջոցով, և անհաջող իշխանավորները չեն փոխարինվում նորերով։ Նա նաև նշել է այլ պատճառներ, ինչպես օրինակ Եվրոպական միության պես կառույցների աջակցության բացակայությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Իհարկե, Հայաստանի դեպքում չկար այնպիսի հզոր կողմնորոշիչ գործոն, ինչպիսին Եվրոպական Միությունն է, որը նրա համար կլիներ մոդել։ Այդ գործոնը ենթադրաբար կարող էր լինել Սփյուռքը, սակայն ես կարծում եմ, որ Սփյուռքի գործոնը խառն ազդեցություն է ունեցել․ Սփյուռքը Հայաստանի համար եղել է հեշտ փողի աղբյուր, իսկ հեշտ փողը հենց այն է, որը սնում է կոռուպցիան ինստիտուցիոնալ այնպիսի թույլ միջավայրում, որն ունի Հայաստանը», – ասել է նա։

Ադրբեջանի հետ պատերազմը և հարաճուն լարվածությունը, Աճեմօղլուի կարծիքով, նույնպես չեն նպաստել քաղաքական գործընթացներին։ «Երբ դու գոյության պայքարի մեջ ես Ադրբեջանի հետ, քաղաքական գործիչների համար ավելի հեշտ է անցյալի ազգայնական ավելի վայրի ավանդույթներին հղել, քան բաց լինելուն, դեպի ապագա նայելուն։ Բայց մենք պետք է փորձենք դա անել։ Մենք Միջին Արևելքում, Կենտրոնական Ասիայում տեսել ենք, թե ինչքան ապակառուցողական, ինչքան վտանգավոր կարող է ազգայնական, պատերազմակենտրոն հռետորաբանությունը լինել։ Եվ որևէ պատճառ չկա, որ Հայաստանն էլ այդ հռետորաբանությանը ենթարկվի», – ասել է նա։