Home / Հայաստան / Հանձնաժողովը չի նկատում թանկացումները

Հանձնաժողովը չի նկատում թանկացումները

Չնայաց սպառողների արձանագրած հետընտրական գնաճին՝ բանանի, շաքարավազի, բենզինի, ալյուրի, երշիկի ու այլ ապրանքների հարցում, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հետընտրական շրջանում որևէ նոր թանկացում չի արձանագրել, բացի ծխախոտի գների աճից։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում որևէ վարույթ չունենք հարուցված, քանի որ գնային կամ մրցակցային չարաշահումների վերաբերյալ որևէ փաստ, որևէ խախտում հանձնաժողովը չի արձանագրել», – «Փաստ» թերթի հարցին պատասխանել է ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը։

Մինչդեռ սպառողներն ու մամուլն արձանագրել են, որ վերջին մի քանի օրերի ընթացքում շաքարավազը 390 դրամից դարձել է 410-450 դրամ, ծխախոտը թանկացել է 50 դրամով, տեղական արտադրության երշիկեղենի գները ավելացել են 100-200 դրամով, բանանը, եթե նախկինում 650-700 դրամ էր, հիմա անցել է 730-750 դրամի սահմանագիծը, շարունակվում է նաև բենզինի թանկացումը, նշում է թերթը։

«Սպառողների ի՞նչ հայտարարությունների մասին է խոսքը։ Հանձնաժողովը հիմք է ընդունում իր դիտարկումները, որոնք թվային փաստեր են», – հակադարձելով գների թանկացման մասին դիտարկմանը՝ ասել է ՏՄՊՊՀ խոսնակը։ Ըստ նրա, հանձնաժողովը երկու օր ուսումնասիրել և պարզել, որ ծխախոտը Հայաստանում թանկացել է ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխության արդյունքում։