Home / Ազգային ժողով / Ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով այսօր դիմում է ներկայացվելու Սահմանադրական դատարան

Ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով այսօր դիմում է ներկայացվելու Սահմանադրական դատարան

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այսօր դիմելու է Սահմանադրական դատարան ՝ ապրիլի 2-ի Խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ դիմումի մեջ ներառվելու է նաև «ՍԱՍ Գրուպի» ժողովին արված ձայնագրությունը։ Նշենք, որ ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես մի քանի օր առաջ ՀՀԿ֊ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ Գրուպի» ղեկավարներից մեկը ժողով էր անցկացրել և աշխատակիցներին հորդորել ձայներ հավաքել Արտակ Սարգսյանի համար՝ սպառնալով ազատել նրանց, ովքեր վատ կաշխատեն։

«Փաթեթը բավականաչափ ծավալուն է։ Մեր ձեռքին կան 2000 տեղամասերի նկարահանումները, որտեղ երևում է, թե ինչպես են մարդկանց ստիպում քվեարկել իրենց օգտին։ Եթե դիմել ենք Սահմանադրական դատարան, ուրեմն ակնհայտ են հանցագործությունները՝ սպառնալիքներ, վարչական ռեսուրսի կիրառում, վերահսկողություն, կաշառք առաջարկել։ Օրենքի խախտման առնվազն 5-6 հոդված հանգիստ կա այնտեղ։ Պատժելու [համար] նյութը շատ է։ Էս նյութերով Թրամփին կարելի է պրեզիդենտությունից քցել, բայց մերոնք բնականաբար աչքերը փակելու են, կուրանալու են, և դատարաններն էլ կանեն այն, ինչ իշխանություննները կասեն»։

Մանուկյանը նշել է, որ առկա խախտումներից «ամենակայֆը» եղել է այն, որ հոգեբուժարաններում 100 տոկոսով ընտրել են իշխող հանրապետական կուսակցությանը։

Նշենք, որ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դաշինքը ներկայացել էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն ապրիլի 9-ին դիմումը մերժվել էր։