Home / Վերլուծություն / Թուրքական Բրեքզիթ. Էրդողանը չնչին տարբերությամբ անցկացրեց սահմանադրական փոփոխությունները

Թուրքական Բրեքզիթ. Էրդողանը չնչին տարբերությամբ անցկացրեց սահմանադրական փոփոխությունները

Երեկ` ապրիլի 16-ին, Թուրքիայում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որում նախհնական հաշվարկներով «Այո»-ի ճակատը ձայների չնչին առավելության հաղթել է։ Քվեների 99 տոկոսի հաշվարկից հետո պաշտոնական տվյալներով փոփոխությունների օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 51.3 տոկոսը, դեմ՝ 48.7 տոկոսը։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիր Էրդողանի նախագծած սահմանադրությանը դեմ են քվեարկել մեծ քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, բացի դա, Թուրքիայիում բնակվող քրդերը։ Էրդողանի ծրագիրը հաջողվել է անցկացնել Եվրոպայում բնակվող թուրքերի աջակցությամբ։ Եվրոպայում քվեարկել է մոտ 2.6 միլիոն Թուրքիայի քաղաքացի, որոնց մեծ մասը «այո» է ասել առաջարկվող փոփոխություններին։

«Ոչ»-ի կողմնակիցները չեն ընդունում հանրաքվեի արդյունքները՝ նշելով, որ քվեարկության ավարտից ժամեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է փոխել ընտրության կարգը և վավեր ճանաչել նաև քվեաթերթիկները, որոնք չունեն դրոշմակնիք։

Հանրաքվեի փոփոխություններով նախատեսվում է, որ Թուրքիան խորհրդարանականից դառնալու է նախագահական երկիր, և իշխանությունը կենտրոնանալու է մեկ անձի՝ Էրդողանի շուրջ, որը կարող է երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահ և երկիրը կառավարել մինչև 2029 թվականը։ Կվերանա վարչապետի պաշտոնը, խորհրդարանը կդառնա ձևական մարմին, նախագահը կկարողանա նշանակել 13 գլխավոր դատավորներից 6-ին։

Համաձայն վերլուծաբանների, սա իսլամիստների՝ քեմալիստների նկատմամբ վերջնական հաղթանակի սկիզբը կարող է դառնալ։ Քեմալիստական ողնաշար ունեցող իշխանական համակարգի պարագայում 2002 թվականին իշխանության եկած իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսեց ազատական բարեփոխումներ անել և խոսել Եվրամիության մասին։ Սկզբնական շրջանում Էրդողանի կուսակցությունը ստիպված էր քեմալիստների դեմ համախմբվել գյուլենիստների հետ։ Այդկերպ Էրդողանը կարողացավ իր խոսքերով «բյուրոկրատական օլիգարխիայից» ազատվել, հետո սկսեց պայքարել գյուլենիստների դեմ՝ հատկապես կատաղի կերպով անցյալ տարի «ռազմական հեղաշրջման փորձից» հետո։

Երկրի ներսում «այո»-ի կողմնակիցները հանրաքվեն համարում են թուրք ժողովրդի հաղթանակ, անվանում են պատմական, հեղափոխական պահ՝ համեմատելով այն իրանական, ֆրանսիական և խորհրդային հեղափոխությունների հետ։ Արևմտյան մամուլում Էրդողանի հաղթանակը համեմատվում է բրիտանական Բրեքզիթի, Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ և գուժում ժամանակակից, աշխարհիկ Թուրքիայի վախճանը և նոր՝ ավելի ավտորիտար Թուրքիայի սկիզբը։