Գլխավոր / Բանտ / Սարի Թաղի գործով ձերբակալվածը դադարեցրել է հացադուլն առողջական խնդիրների պատճառով

Սարի Թաղի գործով ձերբակալվածը դադարեցրել է հացադուլն առողջական խնդիրների պատճառով

Սարի Թաղի գործով ձերբակալված Հրաչյա Բոյաջյանը դադարեցրել է 16 օր տևած հացադուլը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը։

Նրա խոսքով` Բոյաջյանի համար այս հացադուլը կարող էր ճակատագրական լինել, վերջին օրերին նա հազիվ էր սթափ պահում իր գիտակցությունը։

«Մենք ենք խնդրել, աղաչել, որ դուրս գա, որովհետև իր հիվանդության հետ մեկտեղ այս հացադուլը կարող էր շատ ծանր հետևանքների հանգեցնել»,- ասել է Ղազարյանը՝ ընդգծելով, որ հացադուլի ընթացքում իր պահանջներից ոչ մեկը չի կատարվել։ Ինչպես Բոյաջյանը, այնպես էլ Սարի թաղի գործով այլ ձերբակալվածները պահանջում են ազատ արձակել իրենց, կամ հստակեցնել մեղադրանքը։

Հրաչյա Բոյաջյանի կինն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում նշել էր, որ ամուսինն առողջական խնդիրներ ունի և այս հացադուլը կարող է նրա համար ծանր հետևանքներ ունենալ։ Բոյաջյանը հացադուլի միջոցով տեսակցություն էր պահանջում Դատախազության ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ Սարի Թաղի 10 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։

2016 թվականի հուլիսի 19-ին ոստիկանների հետ բախման արդյունքում ձերբակալված 10 սարիթաղցիներին մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի 2-րդ մասով, այն է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր ունեցել «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։