Գլխավոր / Բանտ / Անհիմն կալանավորվածին փոխհատուցում դեռ չեն տվել, բայց տուգանք են պահանջում

Անհիմն կալանավորվածին փոխհատուցում դեռ չեն տվել, բայց տուգանք են պահանջում

Սպանության մեղադրանքով 31 ամիս բանտում անցկացրած և հետագայում արդարացված  Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևը կրկին խնդիրների առաջ է կանգնել։ Նրանից վարչական տուգանք են պահանջում՝ դատախազին դատարանի դահլիճում հայհոյելու համար։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից (ԴԱՀԿ) Կունգորցևին կանչել են և տվել 450 հազար գումարը մուծելու վերջնաժամկետ՝ մայիսի 5-ը։

«Ես չեմ հրաժարվում դա վճարել։ Բայց ես ցանկանում եմ խնդրել, որ հետաձգեն ժամկետը։ Ես արդարացվել եմ, անօրինական կալանավորվելու համար ես դիմելու եմ դատարան և փոխհատուցում պահանջեմ։ Այդ փոխհատուցումից թող հանեն այդ գումարը»,֊ ասել է Կարեն Կունգորցևը։

Մայիսի 5-ից հետո գումարը չվճարելու դեպքում Կունգորցևին անգամ սպառնացել են հարկադիր աշխատանքի վերցնել՝ օրական 5 ժամ, 1000 դրամ ժամավճար աշխատանքային պայմաններով, իսկ դրան չհամաձայնելու դեպքում՝ կալանավորել։

Epress.am-ի հետ զրույցում Կունգորցևի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասել է, որ իր պաշտպանյալը, մոտ 3 տարի բանտում անարդարացի անցկացնելով, կրել է և՛ բարոյական վնաս, և՛ նյութական՝ բացակայելով աշխատանքից և չստանալով աշխատավարձ։ Օրենսդրական նոր փոփոխություններով բարոյական վնասի համար նախատեսվում է մինչև 1 միլիոն դրամ փոխհատուցում։

Կունգորցևը կկարողանա դիմել փոխհատուցման համար այն ժամանակ, երբ Վերաքննիչ դատարանը կհաստատի առաջին ատյանի դատարանի՝ իրեն արդարացնող վճիռը։ Վերաքննիչում Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի վճիռը վիճարկում է մեղադրող դատախազը։

Ինչևէ, Հայաստանում անձին վնասի փոխհատուցում սովորաբար չի տրամադրվում, կամ տրվում է տարիներ անց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռներից հետո։

Մասնավորապես, Գրիշա Վիրաբյանի գործով կայացրած վճիռով Հայաստանի Հանրապետությունը Վիրաբյանին վճարել է 31 հազար եվրո փոխհատուցում, որի հիմնական մասը բարոյական վնասի դիմաց: Մեկ այլ՝ «Հայկ Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ֊ը վճռել է, որ, անօրինական կերպով կալանավորելով Սահակյանին, պետությունը խախտել է քաղաքացու ազատությունն ու անձեռնմխելիությունը, իսկ դրա արդյունքում կալանավորվածը Հայաստանում չի ստացել բարոյական վնասի փոխհատուցում։ ՄԻԵԴ-ի վճռի համաձայն, պետությունը Սահակյանին պետք է որպես բարոյական վնասի փոխհատուցում 3000 եվրո վճարի։