Գլխավոր / Մեդիա / Փորձագետները դեմ են, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը գործի ՄԻՊ֊ին առընթեր

Փորձագետները դեմ են, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը գործի ՄԻՊ֊ին առընթեր

Արդարադատության նախարարությունը մշակել է նոր օրինագիծ, որը կփոխարինի «Տեղեկատվության ազատության մասին» 2003 թվականին ընդունված օրենքը։ Նոր օրենքի հիմնական փոփոխությունն այն է, որ տեղեկատվության ազատության գանգատներով զբաղվելու համար Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհուրդ է ստեղծվելու: Մեդիափորձագետները ողջունում են արտադատական մարմնի գաղափարը, որը հնարավորություն կտա դիմել այդ ատյանին այն դեպքում, երբ պետական մարմինը կմերժի տեղեկատվություն տրամադրել, բայց համաձայն չեն, որպեսզի այն գործի օմբուդսմենի գրասենյակին առընթեր։

Սակայն օրենքի նախագծում չեն նշվում մի շարք կարևոր մանրամասներ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է բաց թողնված հարցերի շրջանակը՝ ովքե՞ր են լինելու խորհրդի կազմում, ո՞ւմ կողմից և ի՞նչ սկզբունքով է խորհուրդը կազմվելու, ընտրվելո՞ւ են անդամները, թե նշանակվելու, և, ինչը հատկապես կարևոր է, արդյոք Խորհրդին զուգահեռ պետական կառույցից տեղեկություն չստացած անձը կարող է դիմել նաև դատարան։ Մելիքյանն ընդգծել է, որ դատարանը մինչ այժմ բավական լավ է գործել տեղեկատվական վեճերը լուծելու հարցում։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Լիանա Դոյդոյանը այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանն ասել է, որ իրենք առաջարկել էին անկախ, արտադատական մարմին, որը որոշումներ կայացնելու իրավունք կունենար, ոչ թե միայն օմբուդսմենին խորհրդատվություն տալու գործառույթ։

«ՄԻՊ֊ը պարզապես ուսումնասիրում է, ինչը որ մինչ այսօր էլ կարող է անել»,֊ ասել է Դոյդոյանը։

Ըստ նրա՝ Տեղեկատվության ազատության օրենքը չի կարելի համարել բարեփոխված, եթե չեն խստացվում պատասխանատվության մեխանիզմները։

«Այսօր ունենք վարչական պատասխանատվության դրույթը, նույնիսկ դա չի կիրառվում»,֊ ասել է Դոյդոյանը։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ 2003-ից գործող օրենքը վատը չէր, իհարկե, այն այժմ ավելի է արդիականացվում, բայց Արդարադատության նախարարության կողմից դրա հապճեպ փոփոխելը տրամաբանական չէ։

Փոխարենը, ըստ փորձագետի, խիստ փոփոխության կաիրք է զգում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, ինչի մասին լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունն ահազանգում են վաղուց, սակայն օրենքը չի փոխվում։