Գլխավոր / Շուկա / Առևտրի կենտրոնների աշխատակիցները պնդում են՝ հարկային տեռորի զոհ են

Առևտրի կենտրոնների աշխատակիցները պնդում են՝ հարկային տեռորի զոհ են

Այսօր երևանյան մի քանի տոնավաճառների հարյուրավոր աշխատողներ (հիմնականում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնից) ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել՝ հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Ակցիայի մասնակից առևտրականները պնդում են, որ արդեն մի քանի օր է ինչ հարկային մարմինները իրենց տեռորի են ենթարկում, ստուգումներ են իրականացնում տոնավաճառներում՝ պահանջելով փաստաթղթեր ներկայացնել։

Ռուզաննա Քիչյանը, որն աշխատում է «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ հարկայինի աշխատողները մոտենում են իրենց և որոշակի գումար են պահանջում, իսկ չտալու դեպքում սպառնում են «հանգիստ չթողել»։

«Մոտենում են, ասում են՝ 100 հազար դրամ տուգանք գրենք, գնացեք մուծեք, մենք ձեզ էլ չենք կպնի։ Բայց մենք 100 հազար չենք աշխատում, որ մի հատ էլ հենց ընենց տանենք, փող մուծենք։ Ես հենց էդ խնդրի պատճառով 2 տարի առաջ հագուստի խանութս փակեցի։ Հիմա էլ աշխատում ենք «Առինջ մոլ»-ում, հարկայինը գալիս, ասում ա, պետք ա շատ գումար տպես կտրոնով, որ ամսական շատ հարկ վճարես։ Իրանք աբսուրդային թիվ են կրակում ու ասում են՝ պիտի վճարես»,- նշել է Ռուզաննան։

Նրա խոսքով՝ հարկային ահաբեկումն ահագնացել է վերջին 3 օրվա ընթացքում, երբ հարկայինի աշխատողները սկսել են իրենց պայուսակները ստուգել․ «Ես իմ ոչ աշխատանքային օրերին գնացել էի «Առինջ մոլ», որովհետև մեր տանը մոտ ա, և առանց պատճառաբանության հարկայինի աշխատողները սկսեցին պայուսակս ու գրպաններս խուզարկել, հետո էլ ամուսնուս մեքենան էին ստուգում, ինչ տեսնում են ասում են էս որտեղից, ինչից։ Իրանք ինչ իրավունք ունեն մտնեն իմ գրպանները»։

«Առինջ մոլում» աշխատողները նշում էին, որ իրենք չեն աշխատելու մինչև չլուծվի խնդիրը։

Առևտրականներից մի քանիսը կարծիք են հայտնել, որ նման գործելաոճը ԱԺ ընտրությունների ժամանակ ծախսված գումաները հետ բերելու միջոց է։

«Ընտրությունները վերջացան, իրանք երևի մի քիչ գումար ծախսեցին, հիմա էլ եկել են ժողովրդի ջանից հանելու։ Իրանք փորձում են ամեն մեկի մոտ մի սխալ գտնեն ու տուգանեն»,- նշել է «Առինջ մոլ»-ի մեկ այլ աշխատող Լուսինե Հարությունյանը։

Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հարկային մարմինների ուշադրությունը սևեռել է «Փեթակ», «Սուրմալու», «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների վրա․ հարկայինի աշխատակիցները գնում են այդ առևտրի կենտրոններ և տեղի-անտեղի անհանգստացնում են աշխատողներին, սպառնում, թե կտուգանեն: Ըստ թերթի՝ պատճառն այն է, որ վարչապետը փորձում է հիշյալ առևտրի կենտրոնների աշխատակիցներին բերել իր և ռուսաստանցի հայազգի գործարար Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցվող նոր առևտրի կենտրոն, որը գործելու է «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ: