Գլխավոր / Ազգային ժողով / Տեր-Պետրոսյանի նշած միջազգային հանրությունն արագ անցնում է պատմության գիրկը

Տեր-Պետրոսյանի նշած միջազգային հանրությունն արագ անցնում է պատմության գիրկը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավը փորձ էր, այսպես կոչված, «նորմալացնելու» հողեր տալու հարցը, որը մինչև վերջերս տաբու էր: Սա մեծ օգնություն էր Սերժ Սարգսյանի համար: Այս մասին «168 ժամ» թերթին տված հարցազրույցում խոսում է Janes Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։

— Տեր-Պետրոսյանն ու իր թիմը համոզիչ չէին: Հիմնական շեշտը դրվում էր անորոշ, անհասկանալի միջազգային հանրության վրա: Եզդիների ցեղասպանության, Սիրիայի մարդկային մսաղացի, Ուկրաինայի մասնատման ֆոնի վրա սա առնվազն անլուրջ է: Հատկապես Ուկրաինան լավ օրինակ է, թե ինչպես, այսպես կոչված, միջազգային հանրությունը ոչինչ չարեց՝ կանխելու այդ երկրի տարածքային ամբողջականության կորուստը: Սա՝ այն դեպքում, երբ 1994-ին, երբ Ուկրաինան համաձայնեց հրաժարվել իր միջուկային զենքի պաշարներից` փոխարենն աշխարհի խոշոր տերությունները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, պարտավորվեցին դառնալ Ուկրաինայի ամբողջականությունն ու անվտանգությունը երաշխավորողներ:

Մադրիդյան սկզբունքները և Տեր-Պետրոսյանի նշած միջազգային հանրությունն արագ անցնում են պատմության գիրկը: Դա մի կարճ ժամանակահատված էր Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ավարտվեց սառը պատերազմը և լուրջ գլոբալիզացիոն ծրագրեր իրականացվեցին, հատկապես՝ Եվրամիության ընդլայնումը և եվրոգոտու ստեղծումը:

Հիմա հակառակ գործընթացներն են ընթանում` ազգայնականությունը և անջատողականությունն աճում է, ԵՄ-ի ապագան է վտանգի տակ, իսկ ԱՄՆ-ն ունի անկանխատեսելի նախագահ, որն իր ընտրարշավում, ըստ էության, կողմ էր այնպիսի քայլերի, որոնք 1945-ից ի վեր գործող միջազգային անվտանգության համակարգը կարող են վերացնել: ԵՄ-ԱՄՆ-Ռուսաստան. սրանք են Մադրիդյան գործարքի երաշխավորները: Նրանք անգամ նորմալ հարաբերություններ չունեն իրար հետ այս պահին և ներգրավված են «պատժամիջոցների» պատերազմում:

Տեր-Պետրոսյանի և իր թիմի թուլությունը ժամանակավրեպ լինելն էր: Թերևս, Տեր-Պետրոսյանը կկարողանար համոզել հանրությանը, եթե հստակ ցույց տար, թե անվտանգության երաշխիքները և մեխանիզմներն ինչպես են գործելու: Եթե կարողանար բացատրել, թե ինչպես ԼՂ հարցում միջազգային խաղաղարար առաքելությունը հաջող կարող է կանխել նոր բռնությունները, չնայած նրան, որ վերջին տասնամյակներում գրեթե նման դեպքեր չկան աշխարհում: Անգամ ռուս խաղաղարարները դա չկարողացան անել Օսիայում 2008-ին:

Քարոզչական տակտիկայի առումով Տեր-Պերտոսյանն օգտագործում էր ոչ թե փաստարկներ, այլ սպառնալիք: Նա ներկայացրեց ԼՂ խնդիրը՝ իբրև ընտրություն երիտասարդների անիմաստ մահվան կամ խաղաղության միջև: Ընտրություն տոտալ պարտության, տնտեսական անկման և առանց կոռուպցիայի և տնտեսապես ուժեղ Հայաստանի միջև: Իհարկե, նման սև-սպիտակ ձևակերպումը կեղծ էր և վախեցնող, ինչը, կարծում եմ, ՀԱԿ-ի տակտիկան էր, բայց սա չաշխատեց:

Եվ վերջապես, բանավիճելու առումով ՀԱԿ-ը և նրա գլխավոր խոսնակը վնասեցին իրենց, երբ իրենց թեզերի քննադատներին վիրավորանքներ հասցրեցին: Քարոզչական առումով սա կատարյալ ձախողում էր, դաս, թե ինչպես չխոսել զգայուն թեմայի մասին: