Home / Դատարան / Դատարանը չի համարձակվում Սեֆիլյանի գործով «Արմենիա» հեռուստաընկերության դեմ որոշում կայացնել․ փաստաբան

Դատարանը չի համարձակվում Սեֆիլյանի գործով «Արմենիա» հեռուստաընկերության դեմ որոշում կայացնել․ փաստաբան

Ապրիլի 20-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պետք է վճիռ կայացներ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության քարտուղարության համակարգող «Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության» գործով։

Դատավորը, սակայն, չի հրապարակել վճիռը և հայտարարել է, որ դատարանը որոշել է կրկին քննել գործը, քանի որ հետազոտման ենթակա նոր ապացույցներ կան։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, որը դատավորի որոշումն անակնկալ է որակել։

Փաստաբանի կարծիքով՝ բոլոր ապացույցներն էլ հրապարակվել են, և դատարանը փորձում է միայն ժամանակ շահել․ «Սա մի բանի մասին կարող է վկայել, որ դատարանը ազատություն չունի, որ կարողանա «Արմենիա» հեռուստաընկերության դեմ վճիռ կայացնել։ Մինչդեռ ակնհայտ է, որ այլ վճիռ չի կարող կայացնել, քան Սեֆիլյանի հայցը բավարարելը, և դրա համար էլ երկարաձգվում է գործընթացը»։

Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 3-ին։

Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը «Արմենիա» հեռուստաընկերությունից պահանջել է հերքել 2016 թվականի հունիս ամսին «Սուր Անկյուն» հաղորդաշարի ռեպորտաժի ժամանակ իր մասին տարածված կեղծ տեղեկությունները և հրապարակային ներողություն խնդրել:

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 12-ին, «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում ասվել էր, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը վիրավոր զինվորին թողել է մարտի դաշտում։

Ավելի վաղ Epress.am֊ի հետ զրույցում Տիգրան Հայրապետյանը նշել էր, որ այդպիսով հեռուստաընկերությունը հանրությանը պատրաստում էր ղարաբաղյան պատերազմի վետերանի ձերբակալությանը։ Սեֆիլյանը ձերբակալվել էր այդ հաղորդաշարից 8 օր հետո։