Home / Բանակ / Գյումրիում ռուսաստանցի զինծառայող է սպանվել. կասկածյալը ձերբակալվել է

Գյումրիում ռուսաստանցի զինծառայող է սպանվել. կասկածյալը ձերբակալվել է

Այսօր՝ ապրիլի 22-ին, Գյումրիի Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Մահացածը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային  զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևն է եղել: Իրավապահները դիակի վրա կտրած-ծակած մարմնական վնասվածքներ են հայտնաբերել:

«Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նա հայտնաբերվել է և ձերբակալվել։ Ներկայումս նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ», – հայտնում է Քննչական կոմիտեն՝ չնշելով ձերբակալվածի անունը։

Ոստիկանությունից Aravot.am-ին ասել են, որ կասկածյալը 1996 թվականին ծնված Արմեն Ջ-ն է:

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նաև նշվում է՝ նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Նա նախկին զինծառայող է:

«Մասնավորապես, զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն։ 2017թ. մարտի 9-ին ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի՝ նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով:

Դեպքին արձագանքել է նաև ռուսաստանյան կողմը: Հարավային զինվորական օկրուգի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ, նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա: