Home / Վերլուծություն / Հայերը պետք է կարեկցեն իրենց տները կորցրած ադրբեջանցիներին. դե Վաալ

Հայերը պետք է կարեկցեն իրենց տները կորցրած ադրբեջանցիներին. դե Վաալ

Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը չի մեղադրում Մինսկի խմբի համանախագահներին հրադադարի խախտումների դեպքում հայկական և ադրբեջանական կողմից հավսարապես քննադատելու համար, չնայած այն փաստին, որ դրանք մեծ մասամբ իրականացվում են Ադրբեջանի կողմից։ Պատճառն այն է, որ հայկական կողմն էլ իր ավելի մեծ հնարավորություններով ևս վնասում է խաղաղության գործընթացին։ Այս մասին դե Վաալն ասել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի Focus on Karabakh պարբերականի խմբագիր, լրագրող Էմիլ Սանամյանի հետ հարցազրույցում։

«Ես հասկանում եմ՝ ինչու է այդ հարցը նյարդայանցնում հայկական կողմին։ Ոչ միշտ, բայց հիմնականում հայկական կողմը հետաքրքրված է պահպանել հրադադարի ռեժիմը, մինչդեռ ադրբեջանական կողմը շահագրգռված է խախտել ստատուս-քվոն, և ռազմական ուժի գործադրումը ուղղակի միակ լծակն է, որ նա ունի։ Ինչը նշանակում է, որ հրադադարի խախտումները հիմնականում նախաձեռնում է ադրբեջանական կողմը։ Եվ, ինչպես ասացիք, դա չի արտահայտվում միջնորդների հայտարարություններում։

Ավելի վաղ այս տարի, համանախագահներն  առանձին քննադատեցին Ադրբեջանին։ Բայց հիմնականում նրանց հայտարարությունները իրոք չաձազանց մեղմ են։ Եվ այնուամենայիվ, ես չեմ կարող նրանց մեղադրել։ Հակամարտությունում մի կողմին մեղադրելու համար պետք է 100 տոկոսանոց ապացույցներ ունենալ։ Եվ եթե դու մեղադրես մի կողմին, մարդիկ կհարցնեն՝ իսկ հետո՞, որո՞նք են ձեր պատժամիջոցները։ Բացի դա, իր ուրույն լռելյայն ձևով, Հայաստանը անում է բաներ, որոնք ևս վնասում են խաղաղության գործընթացին, ինչպիսի գործողություններ են, օրինակ, Քելբաջար տարածաշրջանում ճանապարհների կառուցումը, կամ ադրբեջանական  բնակավայրերին հայկական անուններ տալը։  Սա խաղ է, որտեղ երկու կողմերն էլ փորձում են իրենց հնարավորությունների ծավալը մեծացնել որտեղ և երբ որ կարող են, և համանախագահների հայտարարությունները չեն կարող նրանց հետ պահել դա անելուց։ Նրանց կարող է հետ պահել միջավայրի փոփոխությունը, երբ նրանք կհասկանան, որ արժի  կառուցողական լինել», -մասնավորապես, ասել է դե Վաալը:

Այն հարցին, թե ինչ կարող է հայկական կողմն անել խաղաղության գործընթացին օգնելու համար, դե Վաալը պատասխանել է.

«Ես կարծում եմ, Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա դինամիկան և Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը պայմանավորված է այն փաստով, որ հայկական կողմը, կարծես, գոհ է ստատուս-քվոյից, իսկ ստատուս-քվոն նշանակում է, որ միջազգայնորեն ընդունված Ադրբեջանի մաս հանդիսացող տարածքները, որտեղ ապրում էին կես միլիոն մարդիկ (ես չեմ խոսում  Լեռնային Ղարաբաղի մասին), մնում են հայկական կողմի տիրապետության տակ, և ավիրված են։ Հայերը պետք է հիշեն (և հայտնեն աշխարհին, որ հասկանում են), որ իրենց վեճը այն մարդկանց հետ չէ, ովքեր կորցրել են իրենց տները և իրավունք ունեն վերադառնալ։

Եթե հայկական կողմը պարերաբար հիշեցնի, որ այդ տարածքը պահվում է որպես բուֆերային գոտի և բանակցությունների ժամանակ փոխանակվելու է Ղարաբաղի  ցանկալի կարգավիճակի ճանաչման հետ, հայերը մի քիչ հույս կտան այն ադրբեջանցիներին, ովքեր երազում են վերադառնալ իրենց տներ, կհամոզեն նրանց, որ իրենք էլ պետք է ներդրում ունենան խաղաղության գործընթացի մեջ, ոչ թե պատերազմի պատրաստվեն։ Ես գիտեմ, որ նախագահ Սարգսյանը մի անգամ ասել է՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» և նրան քննադատել են դրա համար։ Բայց իրականում նա ճիշտ և քաջ բան է ասել։ Ես ուզում եմ ասել, որ դժվար է լուծել հակամարտությունը, եթե դու կարեկցանք չես զգում հակառակ կողմի նկատմամբ, եթե դու չես ասում՝ «մենք տառապել ենք, և դուք էլ եք տառապել։ Մենք պետք է միասին աշխատանք այս ամենին վերջ տալու համար»։ Ես նման կարեկցանք չեմ տեսնում ոչ մի կողմից։ Այնպես չի, որ հայերը կամ ադրբեջանցիները նման կարեկցանքի անընդունակ են, ուղղակի նրանց դիմացինին ապրումակցելու հնարավորություն և թույլտվություն չի տրվում»: