Home / Բանակ / Բանակի նոր հայեցակարգը թոզ փչելու համար է․ «Հրապարակ»

Բանակի նոր հայեցակարգը թոզ փչելու համար է․ «Հրապարակ»

Նախորդ շաբաթ Պաշտպանության նախարարության ներկայացրած «Պատիվ ունեմ» (ուսանողների համար) և «Ես եմ» (նորակոչիկների համար) ծրագրերի մասին «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանի հետ խոսել են զինվորականները։

«Բանակի նոր հայեցակարգը թոզ փչելու համար է» հոդվածում լրագրողը նշում է, որ փորձառու զինվորական, գնդապետ Հ․-ն, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, քանի որ պետական համակարգում է աշխատում, հաշվիչը ձեռքում կարդացել է ծրագրերը և համոզված է, որ դրանք մեծ նորություններ չեն։

«Ներկայում էլ լիցենզավորված բուհերի ուսանողները կարող են սպայի կոչում ստանալ։ Մի տարի սովորում են, հետո կոչում են ստնանում ու նվազագույնը երեք տարով պայմանագիր են կնքում բանակի հետ։

Տարբերությունը ո՞րն է։ Այն, որ ոչ թե շաբաթը մեկ են գնում սովորելու, այլ մեկ տարի՞, շաբաթ–կիրակի օրերն ազատ են։ Եթե հաշվենք, համարյա նույն կուրսն է ստացվում»,- ասում է նա։

– Նախարարը հույս ունի սրանով «հմուտ ու մեծաքանակ» պահեստազոր ունենալ։

– Պաշտոնական թիվ եմ ասում՝ պահեստազորի 90 տոկոսը երկիրը լքում է, կարող եք հրապարակել։

– «Ես եմ»-ի մասին ի՞նչ կասեք։ Առաջնագիծը ֆինանսապես ավելի հրապուրի՞չ է դառնալու։

– Ոչ, նույնն է գալիս։ 3 տարի որ ծառայում են, 7 օր տանն են լինում, 7 օր՝ զորանոցում, 14 օր՝ առաջնապահ զորքերում։ Իսկ գործող կարգով, առաջնագծում ծառայող պայմանագրայինը 15 օր տանն է, 15 օր՝ դիրքում ու ամիսը ստանում է 140-150 հազար դրամ։ Ներկայիս տապալված համակարգում ծառայությունը 24 ամիս է, այդ ծրագրով դառնալու է 36 ամիս։ 140-150-ը բազմապատկում ենք 36-ով, դառնում է 5 մլն․, բայց էլի նույնը ստանում է։ Այս համակարգը տապալված է, որովհետև մենք չունենք բավարար թվով պայմանագրային ծառայողներ, և հիմա էլ չի լինելու։ Նրանից, որ դա հայտարարում են ազգ-բանակ, գրավչությունը բարձրանո՞ւմ է։ Ամենագլխավորը չասվեց, որ բոլորը պետք է ծառայեն։ Այսօր զինվորականությունը երեք բան է սպասում ղեկավարությունից՝ որ պետական մարմիններում, մանավանդ ՊՆ-ում, ղեկավար պաշտոններ զբաղեցնեն բանակում ծառայած, իրենց սահմանադրական պարտքը կատարած անձինք, որ վերագնահատվի սպայի աշխատուժի արժեքը, և որ բանակում վերականգնվի սոցիալական արդարության սկզբունքը։ Իսկ սա շինծու կոնցեպցիա է, որը ոչ մեկին էլ պետք չէ։

– Նորությունը ֆինանսական բոնուսն է՝ ուսման տարիների ուսման վարձի չափով, և մագիստրոսական կրթության փոխհատուցումը։

– Լավ գաղափար է, բայց որտեղի՞ց է նախարարը գումար վերցնելու այդ նպատակների համար:

– Նախատեսվում է նաև աշխարհի առաջատար բուհերի շրջանավարտներին բանակում աշխատանք առաջարկել հատուկ պայմաններով ու 5 տարով։ Սրա մասի՞ն ինչ կասեք։

– Էլի լավ գաղափար է, բայց Հայաստանում հազվադեպ է լինում, որ միջին վիճակագրական ընտանիքի զավակները կարողանան դրսում ուսում ստանալ։ Դա հասանելի է միայն մեծահարուստ խավի երեխաներին, որոնք երբեք չեն գնա հայկական բանակ, ոչ մի գումարով։ Այն պարզ պատճառով, որ նրանք գումարի կարիք չունեն։

Արցախյան պատերազմի հրամանատար, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը ևս քննադատել է ՊՆ նոր հայեցակարգերը։

«Վազգեն Սարգսյանի ռազմական ուսումնարանը լրիվ դատարկ է։ Սպայի պակաս շատ կա, փողոցից սպա են հավաքում, թոզ են փչում մարդկանց աչքը։ Այս ամենն արվում է, որ բուհերի ոսանողներին տակտիկ կերպով ներգրավելով, քարշ տան բանակ և սպայի կոչում տան։ Աբսուրդային վիճակ։ Սա թոզ փչել է մեծ և անհաջող լարախաղից հետո»,- ասել է նա։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին նա «ուսյալ, բայց անփորձ տղա» է համարում, որը «շեղում է ուշադրությունը ՀՀԿ-ի այս ընտրական պոռնոգրաֆիայից»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում