Home / Դատարան / Քննչական կոմիտեն որոշել է ռուս զինծառայողի սպանության գործի նախաքննության մանրամասները գաղտնի պահել

Քննչական կոմիտեն որոշել է ռուս զինծառայողի սպանության գործի նախաքննության մանրամասները գաղտնի պահել

ՀՀ Քննչական կոմիտեն, ելնելով  «գործի շահերից»,  որոշել է գաղտնի պահել  Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային  զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի  սպանության գործով նախաքննությունը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։

Այսպես խոսնակը հաստատել է  գործով մեղադրյալ Արմեն Ջանջուղազյանի ներկայացուցիչ, հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանի պնդումը։ Խչեյանը մեր զանգին ի պատասխան ասել էր, որ նախաքննող մարմնում փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն իրավունք չունի գործի վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել։

Անդրադառնալով գործը փակ պահելու պատճառի մասին՝ Տռուզյանն ասել է, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նախաքննող մարմինը իրավասու է  նման որոշումներ կայացնել։  Քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ իրենք գործի մասին կտեղեկացնեն «ըստ անհրաժեշտության»։

Մինչ այժմ Քննչական կոմիտեն հայտնել է, որ «մեղադրյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ», «ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ»։

«Առավոտ» օրաթերթն էլ գրել էր, որ մեղադրյալ Արմեն Ջանջուղազյանը «մոլեռանդ կրոնական է, իսլամի սուննի ուղղության հետևորդներից, «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն»։