Home / Շուկա / «Կաշառքի անուղղակի պահանջ»․ Գասպարին պնդում է՝ մաքսատունը խոչընդոտում է իր բիզնեսին

«Կաշառքի անուղղակի պահանջ»․ Գասպարին պնդում է՝ մաքսատունը խոչընդոտում է իր բիզնեսին

Գործարար, ինժեներ Վարդգես Գասպարիի համար կրկին խոչընդոտներ են ստեղծվել՝ այս անգամ «Զվարթնոց» մաքսատան պետի կողմից։ Epress.am֊ի հետ զրույցում գործարարը պատմել է, որ մաքսատունն ապրիլի 25֊ից հրաժարվում է իր «Վալ Օթոմեյշն» ընկերությանը ապրանքները՝ Վրաստան արտահանելու թույլտվություն տալ։ Հղում անելով Եվրասիական տնտեսական միության որոշ իրավակարգավորումներին՝ մաքսատունը պահանջել է նախ բերել եզրակացություններ, որոնք կապացուցեն, թե ապրապնքները ռազմական և երկակի նշանակություն չունեն։ Ընդ որում՝ Գասպարիին ուղղորդել են դիմել կոնկրետ մասնավոր ընկերություններ, որոնք պետք է այդ եզրակացությունները տան՝ միավոր ապրանքի համար կոնկրետ գումար գանձելով։

Գործարարը վստահ է, որ իր ներկրած ապրանքներն աղերս չունեն ռազմականության հետ, դրանք հաղորդալարերը կապող հանգույցներ են, էլեկտրական լարումը չափող սարքեր, ջերմությունը կարգավորող սարքեր և այլն։

Գասպարին հրաժարվում է այդ պահանջը կատարել, քանի որ վստահ է՝ դա կաշառք տալու անուղղակի պահանջ է։

«Այդ թույլտվություններից ամեն մեկը մի Ա4 ֆորմատի վրա արված գրություն է, որն արտահանողը ստանալու համար պետք է վճարի 20֊ից 100 հազար դրամ»,֊ ասել է գործարարը։

Նա համոզված է՝ նրանք, ովքեր համաձայնում են մաքսատան պետին կաշառք տալ, նման քաշքշուքների մեջ չեն ընկնում։ Այդ պատճառով, օգտվելով Տեղեկատվության ազատության մասին օրենքից, Գասպարին հարցում է ուղարկել մաքսատան պետին՝ Վ․ Թամրազյանին, հարցնելով՝ քանի միավոր ապրանք է արտահանվել 2016 թվականին և դրանցից քանիսի համար է մաքսատունը «Ռազմական նշանակության եզրակցություն» պահանջել։

Թամրազյանը գրել է, որ չի պատասխանի այդ հարցերին։ Գասպարին հարցը նորից է ուղարկել։

«Մենք գտնում ենք, որ ձեր կողմից ներկայացված պահանջները և մեր աշխատանքը խոչընդոտելը հետապնդում են կոռուպցիոն նպատակներ, ինչպես ձեր, այնպես էլ ձեզ նման պորտաբույծ, կաշառակեր և վաշխառու ղեկավարների, նաև նախարարների և վարչապետի ապօրինի շահերի սպասարկմանը», ֊ գրել է Գասպարին իր նամակում։

Հարցը չլուծվելու դեպքում նա սպառնում է խոչընդոտել «Զվարթնոց» մաքսատան աշխատանքը, ինչպես մաքսատան ղեկավարն է խոչընտոդում իր գործունեությունը։