Home / Ազգային ժողով / «Ընտրությունները վավեր են»․ ՍԴ֊ի և ԿԸՀ֊ի համար խնդիր չէ ՍԱՍ գրուպի ձայնագրությունը

«Ընտրությունները վավեր են»․ ՍԴ֊ի և ԿԸՀ֊ի համար խնդիր չէ ՍԱՍ գրուպի ձայնագրությունը

Սահմանադրական դատարանն այսօր որոշեց մերժել Կոնգրես֊ՀԺԿ դաշինքի դիմումը և ուժի մեջ թողնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ապրիլի 2֊ին անցկացված ընտրությունները վավեր ճանաչելու մասին որոշումը։ ՍԴ֊ի որոշումն ընթերցել է դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա ասել է, որ դաշինքը ՀՀ իրավապահ մարմիններին կամ դատարաններին չի ներկայացրել ընտրությունների խախտումների վերաբերյալ նյութեր։ Հարությունյանի խոսքով՝ եթե ընտրությունների ժամանակ և դրանցից առաջ թույլ տրված խախտումներ հայտնաբերվել են, դրանք արվել եմ հիմնականում ԶԼՄ֊ների կողմից։ Իսկ ապացուցողական ուժ փաստերը ստանում են դատարաններում։

Ավելի վաղ դիմողի ներկայացուցիչներից փաստաբան Վահե Գրիգորյանն իր ելույթում նկատել էր, որ այս գործի քննության ֆոկուսում դրվել է օրինականության հարցը, սակայն դա միակ բանը չէ, որ պետք հետաքրքրի դատարանին։

Քելզենյան մոդելի Սահմանադրական դատարանի համակարգը, որը կա Հայաստանում, միշտ «արկղից դուրս նայող» դատարանի հնարավորություն է տալիս: Այն կարող է լայն և կոնտեքստուալ վերլուծությունների հիման վրա քննել նաև ընտրական վեճերը: Գրիգորյանը հույս էր հայտնել, որ դատարանը կօգտվի իր այդ հնարավորությունից։

«Կամ այս ատյանը դառնալու է սկզբունքների, դոկտրինների և լուծումների գտնման հիմնական ասպարեզը, կամ շարունակելու է մնալ քվեախցերի կահավորման օրինականության վերաբերյալ վեճեր քննող դատարան: Ես հուսով եմ, որ առաջինն եք ընտրելու»,֊ ասել է փաստաբանը։

ՍԴ որոշման հրապարակմանը ներկա էր միայն պատասխանող կողմը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Կոնգրես֊ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչները հեռացել էին դահլիճից։

Որոշման հրապարակումից հետո լրագրողներից մեկը հարցրել է Մուկուչյանին, թե արդյոք «ՍԱՍ գրուպի» և դպրոցների տնօրենների հետ կապված ձայնագրությունները բավարար փաստեր չէին ապացուցելու, որ ՀՀԿ-ն չարաշահել է վարչական ռեսուրսը և ընտրությունները խախտումներով են ընթացել։

Մուկուչյանը պատասխանել է, որ ԿԸՀ֊ն այդ ձայնագրությունները ժամանակին ուսումնասիրել է և հանգել է բոլորովին այլ տեսակետի, քան Սահմանադրական դատարան դիմած Կոնգրես֊ՀԺԿ դաշինքը։

«Երբ դրանք դիտարկում ես անկողմնակալ և օբյեկտիվ, և ոչ թե կանխորոշված, կանխամտածաված, նախատրամադրված, տպավորությունը բոլորովին այլ է»,֊ ասել է նա։

Վերջինս նաև նշել է, որ ինքն անկեղծորեն ցանկացել է այսօր իր եզրափակիչ խոսոքում շնորհակալություն հայտնել Լևոն Զուրաբյանին ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցի մեջ մեծ ներդրում ունենալու համար․ «Սա թույլ տվեց յուրաքանչյուրին համոզվելու ընտրական գործընթացի՝ օրենսդրության համապատասխանության մեջ։ Գուցե սա չէր բխում իրենց մոտեցումներից և դա առաջացրեց նման բուռն հակադարձում, բայց այս գործիքների միջոցով հնարավոր եղավ ապահովել լիակատար թափանցիկություն»։

Նշենք, որ ընտրությունները և նախընտրական շրջանը դիտարկած նախաձեռնությունները հանգել էին այն եզրակացության, որ դրանք եղել են վերահսկվող, բաժանվել է ընտրակաշառք, չի լուծվել ընտրությունների նկատմամբ հանրային վստահության խնդիրը: