Home / Բանակ / Մայիսմեկյան երթը Երևանում

Մայիսմեկյան երթը Երևանում

– անվճար բուժօգնություն, անվճար կրթություն,
– սոված ես՝ կեր հարուստներին,
– կանայք ընդդեմ հայրիշխանության, կապիտալիզմի, շահագործման,
– ազգ-բանակ՝ թալանելու, իշխելու ու սպանելու նոր փաթեթավորում,
– կապիտալիզմ, մենք պիտի բաժանվենք, կներես,
– աղքատները հրաժարվում են զոհվել,
– գուգլ արեք «նեոլիբերալիզմ» ու կհասկանաք, թե ոնց մեզ սենց (հ)ոռի աղքատացրին,
– մաքրենք փողոցները ագահությունից,
– ազատ շուկա․ հարուստները հարստանում են, աղքատները աղքատանում,
– ոչ տեր, ոչ տիրակալ, ոչ ազգ, ոչ բանակ,
– Մայիսի 1-ը 2 չի դառնում,
– զորություն և սեր համբալներին,
– սովորել, սովորել, սովորել, անվճար, անվճար, անվճար,
– ոչ բռնությանը՝ փողոցում և տանը․․․

Նման պաստառներով և վանկարկումներով էր զուգորդվում Երևանի կենտրանական փողոցներով անցնող այսօրվա մայիսմեկյան երթը։ Այն ընդմիջվում էր՝ Մաշտոցի պուրակում, Օպերայի բակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում տեքստերի ընթերցմամբ․

– «Հանքերի շահագործում» բառակապակցությունը, որը ներկայացվում է որպես տնտեսական ու արդյունաբերական տերմին, բնույթով ու բառակազմական ձևով զուտ կապիտալիստական հասկացություն է՝ «գործել (կամ գործարկել) հանուն շահի»։ Շահագործման հոմանիշներն են՝ հարստահարումը, կեղեքումը, թալանը․․․

Շատ կարևոր է ընդգծել, որ սա ինչպես մարդկանց ու նրանց ծառայեցվող հանրային բարիքի թալան է, այնպես էլ կապիտալիստական էքսպանսիվ ու հայրիշխանական կեղեքիչ մոտեցում է բնության ու կենսոլորտի նկատմամբ։

Հայաստանի ազատ շուկայական, այսինքն՝ նեոլիբերալ կապիտալիստական տնտեսության մեջ պրիմիտիվ արդյունաբերություն համարվող այս գործունեությունը շղարշված է քաղաքական ու տնտեսական հաստաշերտ միֆերով, որոնց քողազերծման ուղղությամբ ո՛չ մասնագիտական, այսինքն՝ գիտա֊վերլուծական, ո՛չ էլ ֆորմալ քաղաքական հաստատությունների (ասենք՝ կուսակցական) շրջանակները ոչինչ չեն ձեռնարկում, ավելին՝ ամրապնդում են այդ միֆերը։ Միֆերն են օրինակ, որ հանքարդյունաբերությունը ստեղծում է աշխատատեղեր, մինչդեռ այն զրկում է գյուղացիությունն ու հարակից արտադրողներին իրենց աշխատատեղերից ու հայաստանում ընդամենը շուրջ 10.000 հոգի է աշխատում հանքերում՝ 2.5 միլիոն բնակչության պարագայում՝ շուրջ 0.4 տոկոս։ Որ դա տնտեսության աճ է, երբ աճի ամբողջ կոնցեպցիան հարցականի տակ է, և ի՞նչ աճ կարող է լինել ապագայի հաշվին․․․

Եթե կապիտալիզմը (կապիտալի և իշխանության) կուտակումն է ունեզրկման միջոցով, ապա հայրիշխանությունը տղամարդկանց միջև սոցիալական հարաբերությունների համակարգն է, որն արտադրում է սոլիդարություն տղամարդկանց միջև և կանանց ստորակարգում՝ ունենալով խիստ նյութական հիմք, այն է՝ կանանց աշխատանքի նկատմամբ վերահսկողություն ինչպես մասնավոր, այնպես էլ՝ հանրային վայրերում․․․

․․․Մեր կյանքն ըմբռնելու ու վերլուծելու, այն արմատապես փոխելու համար անհրաժեշտ է տեսնել շահագործման համակարգերի փոխկապակցվածությունը։

– Դեռևս 1930-ականներին տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը կանխատեսում էր, որ 2030թ.-ին մարդիկ շաբաթական 15 ժամից ավել աշխատելու կարիք չեն ունենա: Բայց այսօր էլ, երբ որոշ արևմտյան երկրներ հինգ անգամ ավելի հարուստ են, քան 30-ականներին, այնտեղ նույնպես հիմնական խնդիրը շարունակում է մնալ հանգստի պակասը: Աշխարհում այսօր շաբաթական 40-ժամյա աշխատանքային գրաֆիկը նորմ է և ուրեմն, հարց է առաջանում, արդյոք մե՞նք ենք աշխատասեր, թե՞ քիչ աշխատելը, երբ մի շարք ոլորտներ ավտոմատացվել են, ձեռնտու չէ պետություններին և խոշոր կապիտալիստներին: Իսկ ինչու՞ քիչ աշխատելը կարող է ձեռնտու չլինել նրանց: Չէ՞ որ հաշվի առնելով զարգացվածության ներկա մակարդակը՝ իսկապես կարելի է խորհել դադար տալու, մշտական աճի մասին չմտածելու մասին, որից առանց այդ էլ տուժում է ինչպես մշտապես շահագործվող բնությունը, այնպես էլ՝ մշտապես շահագործվող մարդը: Իսկ եթե չլինի մշտական աճը և հետևաբար՝ մշտապես աշխատելու կարիքը, մարդիկ միգուցե կսկսեն խորհել ասենք՝ հարստության արդար վերաբաշխմա՞ն, պետության առավել խելամիտ, արդար ու չգերիշխող ներքին և արտաքին քաղաքականության վարմա՞ն մասին, միգուցե անգամ պետությունների դերի վերաիմաստավորմա՞ն շուրջ: Իսկ արդյոք սա ձեռնտու՞ է պետություններին և մասնավոր հատվածին, որոնք իրենց շահերն ունեն մարդկանց մշտապես զբաղված պահելու մեջ, քանի որ այդ կերպ վերջիններս ավելի քիչ են մտածում պետության և մասնավոր սեկտորի վերահսկման մասին և առավել շատ են մտածում գումար վաստակելու, ընտանիք պահելու, ինչու չէ նաև սեփական երեխաներին ու հարազատներին վերահսկելու մասին: Այսօր էլ, ինչպես առաջ, մարդուն մշատպես զբաղված պահելու շնորհիվ է, որ համեմատաբար հզոր պետության համար առավել հեշտ է սեփական գերիշխանությունը փաթաթել այլ պետությունների վրա, քանի որ այդ պրոցեսին ամենահավանական խոչընդոտ հանդիսացող անհատ-քաղաքացին չափազանց զբաղված և հոգնած է պետության պլանները խախտելու համար: Մյուս կողմից էլ՝ մասնավոր հատվածը, որն օգտվում է նման զավթողական իրավիճակից, սեփական շուկան ընդլայնելով, զենք արտադրելով-մատակարարելով, նույնպես շահում է անհատ- քաղաքացիների մշտական աշխատանքից: Մշտապես զբաղված և հոգնած քաղաքացին նաև որակյալ սպառող է, քանի որ իրեն հանգստացնելու, երջանկացնելու համար մշտապես փնտրում է սպառելու հնարավորինս ճոխ ապրանք՝ սկսած նյութականից՝ վերջացրած սպառողականաությանը ծառայող մշակույթ-արվեստով․․․

– Մենք ապրում ենք հասարակությունում, որտեղ կանանց մեծամասնությունը զրկված է սեփական կյանքին վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Հանրային դաշտում իշխող կարծիքը փորձում է համոզել, որ համակարգային բռնությունը, տնտեսական կախվածությունը և կանանց կցվածությունը տղամարդկանց՝ հորը, եղբորը, ամուսնուն կամ բոլորին միաժամանակ, վերջիններիս բացակայության դեպքում էլ՝ բացարձակ խոցելիությունը անձնական և երբեք ո՛չ քաղաքական խնդիրներ են։

«Ինքդ ես մեղավորը» որպես համապարփակ պատասխան բոլոր հարցերին․ հայրիշխանության զինարանում միշտ կգտնվի պահեստային փաստարկ մեզ՝ մեր իսկ հանդեպ կատարված բռնությունը հրահրելու մեջ մեղադրելու համար։

Հայրիշխանությունը այնքան համատարած է, որ կարիք չունի (ինքնա)ձևակերպվելու որպես գաղափարախոսություն։ Հայրիշխանական հարաբերությունները դիտավորյալ ապաքաղաքականացվում են և ներկայացվում իբրև ինքնըստինքյան ենթադրվող մի բան, ապահովելով պատրիարխատի անվերջ վերարտադրությունը տարբեր փաթեթավորումներով։ Չափազանց շահավետ իրադրություն գրեթե բոլոր տղամարդկանց համար, որոնց առաջին՝ պատրիարխալ արտոնությունը արտահայտվում է կանանց խնդիրների մասին իբր չտեղեկացված լինելու, իսկ երկրորդը՝ ակնհայտ կամ բացատրված խնդիրները անտեսելու հնարավորությամբ։

Կապիտալիզմը գոյություն ունի բազմաթիվ չվարձատրվող աշխատավորների հաշվին, որոնց մեծամասնությունը կանայք են, իսկ անվճար աշխատանքի հիմնական մասը՝ տնային գործերը։ Աշխատանքը արժևորվում է, երբ այն արվում է փողի դիմաց։ Ամենօրյա կյանքը վերարտադրելու համար կանայք անվճար կատարում են միաժամանակ խոհարարի, աղախնի, հավաքարարի, դայակի, բուժաշխատողի, քարտուղարի աշխատանքները՝ շահագործվելով 8 ժամի փոխարեն 16 ժամ և շարունակելով համարվել գործազուրկ։

Կանանց վարձու աշխատանքի իրավունքը՝ տնային անվճար աշխատանքից ազատագրելու փոխարեն, հանգեցրեց կրկնակի շահագործման։ Հաճախ աշխատելով տղամարդկանց հավասար և ոչ հազվադեպ՝ տղամարդկանցից ավելի, կանայք շարունակում են կրել տնային աշխատանքի ողջ բեռը։

Դպրոցներում և համալսարաններում լավ սովորողների թվում մեծամասնություն կազմելով՝ կանայք բացարձակ փոքրամասնություն են բարձր վարձատրվող և հեղինակավոր պաշտոններում։ Իսկ աշխատաշուկայում հայտնվելու համար բացի մասնագիտական հմտություններից հաճախ, պարզվում է, կանայք պիտի համապատասխանեն տղամարդկանց կողմից ստեղծված արտաքին չափանիշների՝ և դա, ըստ երևույթին, ոչ ոքի առանձնապես չի մտահոգում։

Զարմանալի չէ, որ սեռական ոտնձգությունները և առարկայացումը շարունակում են մնալ բոլորովին անտեսված։ Մարդիկ նախընտրում են ձևացնել, որ նման բան գոյություն չունի․ ի վերջո չմոռանանք, որ «ինքդ ես մեղավոր»֊ը այս դեպքում ևս պակաս արդյունավետ չի աշխատում կանանց լռեցնելու գործում:

Եթե տղամարդիկ հրաժարվում են կատարել տնային աշխատանքի իրենց չափաբաժինը, ապա մենք պիտի գործադուլ անենք։ Եթե հասարակությունը նախընտրում է չլսել մեր պահանջները, ապա մենք պիտի ավելի բարձր գոռանք։ Սոցիալական անարդարության դեմ պայքարը, որը անտեսում է ֆեմինիստական օրակարգը, ուղղված է տղամարդկանց կարգավիճակի բարելավմանը, երբ կանանց շահագործումը փոխակերպվում է, բայց շարունակում է գործել․․․

– Յուրաքանչյուրը պետք է վերադարձնի իր պարտքը։ Սա են մեզ սովորեցնում՝ ընտանիքի, հայրենիքի ու բանկերի մասին խոսելիս։ Վաշխառուները հնուց ի վեր ուժի ու սպառնալիքի միջոցով խլում էին պարտք ունեցողի գույքը և տունը, ստրկացնում նրան և նրա ընտանիքի անդամներին։ Վաշխառուներն են հորինել այս օրենքը և այնքան համոզիչ դարձրել, որ պարտքը դարձել է անգամ բարոյական։ Այսօր, Հայաստանում և աշխարհով մեկ՝ սովորական ֆինանսական պարտքը վերածվել է բարոյականի և դարձել անմարելի։ Կարելի է տարիներով փակել վարկերը, բանկերին տալով աշխատավարձի մեծ մասը, վճարել ավելին, քան վերցրել ես և, միևնույն է, զրկվել գույքից, տանիքից՝ օրենքով և պետական հարկադիր ծառայության հովանու ներքո։ Եթե դա ձեռնտու լիներ, բանկերը կստիպեին պետությանը օրինականացնել նաև հին ավանդական ստրկությունը։

Յուրաքանչյուրը պետք է վերադարձնի իր պարտքը։ Բայց պարտքը վերադարձնել հնարավոր չէ։ Աղքատները, տոկոսներ վճարելով, մնալու են աղքատ կամ էլ ավելի են աղքատանալու։ Հարուստները էլ դրա հաշվին հարստանալու և նոր վարկեր են տրամադրելու՝ վարկառուների հաշվին օդից փող բռնելու համար։ Այս ընթացքը ավելի մեծ մասշտաբով երևում է տարբեր երկրների արտաքին պետական պարտքի օրինակով․ Հունաստան, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, ժամանակին, Լատինական երկրների մեծ մասը, երրորդ աշխարհի երկրները և իհարկե Հայաստանը, բոլորը ընկել են վարկային ծուղակի մեջ։ Հզորներն և հարուստները ստիպում են համեմատաբար թույլ և աղքատներին վերցնել վարկեր, որոնք թույլ կտան շարունակել մրցակցել խաղի նոր պայմաններում։ Սակայն խաղի պայմաններն այնպիսին են, որ վարկառուն միշտ պարտվում է և մնում կախյալ կարգավիճակում։ Սկզբում վարկառու պետությանը պարտադրում են կրճատել բյուջետային ծախսերը՝ աշխատատեղերի, բուժօգնության և կրթության հաշվին, որպիսզի այն կարողանա վճարել վարկի տոկոսները։ Այնուհետև նրան պարտադրում են պայմաններ, որոնք կհավերժացնեն իր կախյալ վիճակը՝ արտահանել ընդերքը, արտոնյալ պայմաններ ապահովել միջազգային կորպորացիաների համար։

Ժամանակակից կապիտալիզմը փոփոխում է նաև հին ասացվածքները․ բոլորը պիտի ունենան պարտք։ Սպառողական վարկ, ուսանողական վարկ, գյուղատնտեսական վարկ, արագ վարկ, հիփոթեք, բուժման նպատակով վարկ, ամանորյա վարկ, ծնունդ, կնունք, հարսանիքի և թաղման վարկ, զինծառայողի վարկ, ոստիկանի վարկ և այլն։ Նույնիսկ եթե կարիք չունենք վարկ վերցնելու, սպառողական մշակույթը կստեղծի կարիքի պատրանք, կփաթաթի այն մեր վզերին։

Արդեն տարիներ շարունակ Հայաստանում գյուղատնտեսական վարկը փակում են խոպան գնալով, քանի որ գյուղատնտեսությամբ այն փակել պարզապես անհնար է։ Սպառողական վարկերը վերցնում են մեկ այլ, ավելի խոշոր վարկի, տոկոսները վճարելու համար և այդպես շարունակ։ Այս ընթացքի վառ պատկերումն է Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչների պատմությունը։ Ինչպես դա սովորաբար լինում է փոքր գյուղերում, առևտուրը հիմնականում արվում է գյուղի միակ խանութից, այն էլ ապառիկ՝ նիսյայով։ Սպառողական ապրանքների մենաշնորհ ունեցողը ունի նաև համոզելու մեծ, երևի անսահմանափակ, հնարավորություն, որից և օգտվեց։ Համոզեց գյուղի բոլոր բնակիչներին ձևակերպել վարկեր, իսկ փողն իրեն տալ։ Պայմանավորվելով վարկային կազմակերպության հետ գոյություն չունեցող գույք վերագրեց բնակիչներին և իհարկե դրական պատասխան ստացավ և մեկ տարի տոկոսները վճարելուց հետո թողեց գյուղացիներին իրենց պարտքերի հետ, հրաժարվելով շարունակել կատարել վճարումները։ Մի ամբողջ գյուղ մնացել է վարկի տակ, մի ամբողջ գյուղ գույքից զրկվելու վտանգի տակ է, մի ամբողջ գյուղ մնում է խոպանի հույսին։

Առնվազն որոշ պարտքերից պետք է հրաժարվել։ Աղքատ և աղքատացվող երկրները կարող են ոտքի կանգնել միայն ազատվելով առաջին աշխարհի և միջազգային կառույցների պարտքերից։ Աղքատները կարող են ոտքի կանգնել՝ վարկերի տոկոսներից ազատվելով։ Վարկային ստրկացման դեմ պայքարը կարող է և պիտի դառնա գլոբալ հակակապիտալիստական ժողովրդավարական շարժման կարգախոս: Ժամանակակից վարկային տոկոսադրույքները պիտի արժանանան նույն քննադատությանը, նույն վերաբերմունքին, որին արժանացել է վաշխառությունը՝ ի վերջո, դրանք նույնն են։

Ոչ վաշխառությանը, ոչ շահագործմանը և ոչ սպառողական մշակույթին։