Home / Շուկա / Կարեն Կարապետյան՝ պրիմիտիվ գողության կնքահայր․ ոստիկանները «պաշտպանեցին» վարչապետին

Կարեն Կարապետյան՝ պրիմիտիվ գողության կնքահայր․ ոստիկանները «պաշտպանեցին» վարչապետին

«Համբալ Կ․Կարապետյան․ դհոլ նվագելով տնտեսություն չեն կառավարում», «Պրիմիտիվ գողության կնքահայր․ դրայվներդ էլ պահի հորդ գերեզմանի համար»։ Նման գրություններով պաստառով այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիան է անցկացրել գործարար֊ինժեներ Վարդգես Գասպարին:

Անդրադառնալով բողոքի ակցիայի նպատակին Գասպարին Epress.am֊ի հետ զրույցում նշել է, որ «Զվարթնոց» մաքսատան պետը թույլ չի տալիս իր «Վալ Օթոմեյշն» ընկերությանը հասարակ ապրանքները (օրինակ, էլեկտրական լարումը չափող սարք, ջերմությունը կարգավորող սարք) Վրաստան արտահանել՝ պնդելով, որ պետք է փաստաթուղթ ներկայացնել առ այն, որ դրանք ռազմական նշանակություն չունեն:

Վերջինիս համոզմամբ՝ դա պրիմիտիվ գողություն է․ «Դրանք հասարակ բաներ են՝ միլիոներով արտադրվող ամբողջ աշխարհում: Նույնիսկ ինձ ԱԱԾ-ն գրել ա, որ հեռուստացույցի պուլտը ներկրելու համար պետք ա ԱԱԾ-ի թույլտվությունը, որովհետև դա հեռակառավարման սարք է իրենից ներկայացնում: Այս ԵՏՄ-ի կնքահայրը, տնտեսական, այսպես ասած, տաղանդը հենց ինքը՝ Կարեն Կարապետյանն է: Դե Սերժի եղածը ինչ ա՞ որ․ իրան մի հատ էսպես դնում են ոտի տակ, ճզմում են, միանգամից մոռանում ա Եվրոմիության հետ ընթացող բանակցությունները, ու ասում ա՝ ըհը, մտնում ենք Եվրասիական միություն: Բայց սա, որ իրան համարում ա՝ տաղանդ ունի, ինտելեկտ ունի, ես չգիտեմ, խոսում ա դրայվներից, սիգնալներից, թող ժողովրդին էշի տեղ չդնի, ինքը հենց էդ համբալն ա, որ ես իրան կոչում եմ, և էս պրիմիտիվ գողության կնքահայրն ա»,- ասել է Գասպարին:

Ակցիայի ընթացքում գործարարին երկու ոստիկաններ են մոտեցել՝ պահանջելով, որ վերջինս պահի պաստառը, քանի որ «չի կարելի»։ Գասպարիի կողմից արձագանք չստանալով՝ նրանք հեռացել են: Քիչ անց, երբ ակցիա անցկացնողը հանգիստ կանգնած է եղել, երկու ոստիկաններ հանկարծ հարձակվել են նրա վրա և բռնությամբ ձեռքից խլել պաստառը:

Ոստիկանների գործողությունը վրդովվեցրեց Կառավարության դիմաց այլ ակցիաներ անցկացնող քաղաքացիներին, և նրանք սկսեցին կշտամբել ոստիկաններին․ «Դուք մարդ եք, թե ինչ եք, մարդկանց ինֆարկտի եք հասցնում, գնացեք, Վովա Գասպարյանի կոշիկները լիզեք»,- բղավում էին քաղաքացիները: