Home / Դատարան / Սերժ Սարգսյանը նախկին պատգամավորի փեսային ներում է շնորհել

Սերժ Սարգսյանը նախկին պատգամավորի փեսային ներում է շնորհել

ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (հայտնի է որպես Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը, ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի ներման շնորհիվ: Այս մասին Armtimes.com֊ին հայտնել են Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Երկու տարի առաջ դատարանն Առաքելյանին 6.5 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ Վերնիսաժում կրակելու և 5 անձանց վնասվածքներ հասցնելու համար։ Վիրավորվածներից մեկի՝ Վալերիկ Հովհաննիսյանի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, այն ժամանակ վրդովվել էր և դուրս եկել դատարանից։ Նա լրագրողներին ասել էր․ «էդքան բանից հետո թող ազատեին, պարգևատրեին (Գոռ Առաքելյանին), ոնց որ Սաֆարովին պարգևատրեցին։ Դատավորը սապլյակություն արեց, որովհետև մեշոկներով գումար է վերցրել»։

Հիշեցնենք, որ վիճաբանությունը սկսվել է, երբ Առաքելյանը իր Toyota Landcruiser մեքենայով ցանկացել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից, սակայն Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը BMW X 6 մակնիշի մեքենայով մոտ կես ժամ փակել են ճանապարհը: Հովհաննիսյանը և Հարությունյանը ևս մեղավոր էին ճանաչվել և դատապարտվել 3 և 2 տարվա ազատազրկման, թեև նրանց պաշտպանները պնդում էին, որ տղաները տուժող են եղել։

Գոռ Առաքելյանի ազատ արձակումը մյուս կողմը չի մեկնաբանում։ Նորայր Հարությունյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը մեզ հետ զրույցում ասել է, որ 2 տարի ազատազրկման դատապարտված իր պաշտպանյալն ազատ արձակվելուն պես արտագաղթել է Ռուսաստան։