Գլխավոր / Առողջապահություն / «Սանիթեքի» վթարի ենթարկված աշխատակցի ոտքն անդամահատել են․ ընկերությունից նրան չեն այցելում

«Սանիթեքի» վթարի ենթարկված աշխատակցի ոտքն անդամահատել են․ ընկերությունից նրան չեն այցելում

Այս տարվա մարտի 26-ին վրաերթի ենթարկված «Սանիթեք» ընկերության 65-ամյա աշխատակից Վոլոդյա Աճեմյանի ոտքն օրեր առաջ անդամահատել են։ Այս մասին մեզ հետ զրույցում ասել է նրա դուստրը՝ Ռուզաննա Աճեմյանը։

«Ոտքին գանգրենա էր տվել․․․ վիրահատությունից հետո ոնց որ թե անոթների խցանում էր եղել և ծնկից բավական վերևի հատվածից կտրել էին։ Հավանականությունը մեծ է, որ երկաթներից լինի, բժիշկները պատճառ են անում, որ անոթներից է։ Դե սկզբում ոտքի կտրելը պապան ծանր էր տանում, հիմա մի քիչ հարմարվել է։ Մնում է հիմա լավ լինի», — պատմել է Ռուզաննան։

Նրա խոսքով՝ ոտքի վիրահատությունից հետո էլ անգամ բժիշկները հաստատապես չեն կարող ասել, որ Աճեմյանը կապաքինվի։

«Անալիզների պատասխանին ենք սպասում, բայց պապայի գույնը ինձ դուր չի գալիս, եթե մի տասը օրից փտումը նորից շարունակվի դեպի վերև, էլ չի փրկվի», — ասել է Աճամյանի դուստրը։ Նա նշել է, որ այս շրջանում «Սանիթեք» ընկերությունից ոչ ոք իրենց չի այցելել և իրենք օգնություն չեն ստացել։

«Պապային արյան փող էր պետք, չէի տեղավորվում [գումարի մեջ], դե ամեն օր արյուն էր պետք, 30 հազար պակասում էր։ Զանգեցի «Սանիթեք», խնդրեցի, ասացի՝ ոչինչ չեք արել, գոնե 30 հազար ինձ օգնություն տվեք, ասացին՝ մենք չենք կարող տալ, մենք 1 միլիոն 800 հազար փոխանցել ենք բժշկական ապահավորագրություն անող կազմակերպությանը։ Գնացել ենք «Ռոսգոսստրախ», ասում են՝ մեզ էդ փողը չեն փոխանցել, թե չեն տալիս… չգիտեմ», — պատմել է Ռուզանը։

Նշենք, որ վերջին օրերին սոցիալական ցանցերով, տարբեր մեդիաներով տարածվում է «Սանիթեք» ընկերության գովազդային հոլովակը, որտեղ աշխատակիցները բանաստեղծական ոճով պատմում են իրենց «հաճելի» աշխատանքի մասին․ «Ինձ դուր է գալիս քաղաքը տան պես մաքրելն ու հավաքելը»։

Տեսահոլովակն՝ այստեղ

«Իմ գործը հոգատարությունն է», ֊ պնդում է «Սանիթեքի» հոլովակի հերոսը։

ֆեյսբուքյան մեկնաբանություններում օգտատերերի մի մասը դրական է խոսում տեսահոլովակի մասին և անգամ հույս հայտնում, որ «հոլովակը հայ ռեժիսոր է արել»։ Սակայն կան նաև խիստ քննադատական մեկնաբանություններ․

Մասնավորապես, օգտատերերից մեկը տեսահոլովակի մեկնաբանություններում գրել է․ «Երևի զարմանալ պետք չէ, գիշերը ստիպված մի կերպ գործի գնալուն զուգահեռ, վարորդի հնչեցրած բանաստեղծական տեքստի վրա»։

Դրան ի պատասխան «Սանիթեքը» նշել էր․ «Ընկերությունում աշխատում են բավականին հետաքրքիր անհատականություն ունեցող մարդիկ, ովքեր, բացի իրենց ընթացիկ աշխատանքից, ունեն նաև հետաքրքիր նախասիրություններ, երբեմն նաև տաղանդներ։ Նրանց ջանքերով է պահպանվում Երևան քաղաքի մաքրությունը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեկնաբանության համար»։

Քննադատական այլ մեկնաբանություններից․

«Տեսահոլովակը լավն էր ,բայց վերադարձեք իրականություն․․․»

«Ամոթ ա, ռադ արեք․․․ իրականությունից աշխատեք շատ չշեղվել, երջանիկ դեմքերը չեն համապատասխանում, ավելին՝ ոչ մեկը երջանիկ չի էդ գործին։ Կարճ ասած՝ ախմախ հոլովակ»։

Չնայած «Սանիթեք» ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին երևում են ուրախ և երջանիկ դեմքերով աշխատողների նկարներ, որոնք իրենց «հաճելի» աշխատանքը «երջանկությամբ» են կատարում, իրականությունը այլ է։

Ավելի վաղ ընկերության երկու աշխատակիցներ, այդ թվում՝ Վոլոդյա Աճեմյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել էին իրենց աշխատանքի իրական պայմանների մասին։

41-ամյա Կարմեն Աբգարյանը, որը վթարի էր ենթարկվել մարտի 14-ին, ասել էր, որ, համաձայն իր պայմանագրի, ինքն իրավունք ունի յուրաքանչյուր տարի ստանալ 24 օր վճարվող արձակուրդ։ Բացի դրանից՝ շաբաթական մեկ հանգստյան օր։ «Շատ է եղել, որ մի օր ուզեցել եմ մնալ տանը, որ գոնե մի օր հանգստանամ, նենց են գոռացել, որ դու մնաս տունը, ո՞վ քո տարածքը պետք է սրբի, ո՞վ քո տեղը պետք է աշխատի»։

Կարմենը պատմում է, որ պատահել է՝ Կենդանաբանական այգուց մինչև Հերացի փողոցի վերջնամասը՝ փողոցի երկու կողմերն էլ ավլել է մենակ, սակայն իրավունք չի ունեցել մի պահ անգամ հանգստանալ:

«Մեքենաներով ֆռռում էին ու հանկարծ, եթե նստած տեսնեին, վռազ զանգում էին՝ պատճառն ինչ է, որ նստել ես։ Ձմեռն էլ, որ ապարատներ էինք տեսնում, ուրախանում էինք, որ գոնե մի բաժակ չայ կարանք խմենք, տաքանանք։ Դրա վրա էլ էին խոսում․ կանգնել ես սուրճ ես խմում, չայ ես խմում՝ էդ ի՞նչ ա»։

Քամոտ օրերին, Կարմենի խոսքով, աշխատել են 8 ժամ, հետո մի ժամով գնացել են տուն, լողացել, հանգստացել, հետո էլի գնացել աշխատելու․ «Պատահել է՝ 17 ժամ ենք աշխատել»։ Լրացուցիչ ժամեր աշխատելու դիմաց իրենք հավելյալ չեն վարձատրվել։ Երբեմն մի քանի ամիսը մեկ ստացել են պարգևավճարներ մինչև 15 հազար դրամի չափով, սակայն՝ ոչ բոլորը։

Վոլոդյան Աճեմյանն էլ նշել էր, որ ««Սանիթեք»-ում ոչ մի աշխատողի անվտանգությունը պաշտպանված չի։ «[Վթարի] առաջին դեպքը չէ, մշտական էլ «Սանիթեք»-ում այդ վիճակն է։ Օր չկա, որ մարդ մի փորձանքի չհանդիպի»։