Home / Բանակ / ՊՆ֊ում տեղյակ են, բայց չեն մեկնաբանում զինվորականների մասնակցությամբ ծեծկռտուքը

ՊՆ֊ում տեղյակ են, բայց չեն մեկնաբանում զինվորականների մասնակցությամբ ծեծկռտուքը

Պաշտպանության նախարարությունում տեղյակ են այն լուրերից, որ երեկ մի խումբ զինվորականներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակցի, սակայն դեպքի մասին հրաժարվում են խոսել։

«Մանրամասներից տեղյակ չեմ, որ իմանայի էլ, չէի մեկնաբանի»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախախարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Մեր հարցին՝ արդյոք դեպքի արթիվ սկսվելու է ծառայողական քննություն, Հովհաննիսյանն ասել է․ «Անպայման, ցանկացած նման դեպքից հետո էլ ծառայողական քննություն անցկացվում է։ Բայց չեմ մեկնաբանում»։

Նշենք, որ ծեծի մասին երեկ գրել էր Shamshyan.com-ը․ «Ժամը 19:00-ից 19:30-ն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արևելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու աշխատակիցների… Ոստիկանության աշխատակիցները, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արամյանց» բժշկական կենտրոն, ծառայում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են»։

«Արամյանց» բժշկական կենտրոնից Epress.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ է բերվել միայն Արտակ Սարգսյանը։

«Նրան ցույց են տվել առաջին բժշկական օգնություն, սակայն հիվանդը հրաժարվել է ստացիոնար բուժում ստանալ, գնացել է տուն։ Այսօր նրան նորից շտապօգնությունը բերել էր, սակայն նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն»,֊ ասել են հիվանդանոցից։