Home / Բանակ / Զինվորն ինքնասպան չի եղել, նրան սպանել են, պնդում են հարազատները․ «Հրապարակ»

Զինվորն ինքնասպան չի եղել, նրան սպանել են, պնդում են հարազատները․ «Հրապարակ»

Երևանի բնակիչ, ժամկետային զինծառայող 18-ամյա Կարեն Ավետիսյանն ապրիլի 25-ին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են, պնդում են մահացածի հարազատները։ «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում զինվորականի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգությունները։

Վերջիններիս, ինչպես գրում է թերթը, ի սկզբանե կասկածելի է թվացել Քննչական կոմիտեի վարկածը, համաձայն որի՝ Ավետիսյանն ապրիլի 25-ի առավոտյան հինգին իրեն ամրակցված գնադցրից իր ծնոտի շրջանում կրակոց է արձակել և ինքնասպան եղել։

«Նախ, տղան սպասել է ապրիլի 26-ին, երբ մայրը պետք է հանդիպեր իրեն և մեկ օր մնար իր հետ Ղարաբաղում, այս առիթով անհամբեր է եղել և ուրախ, հետևապես, «ինքնասպանվելու» տրամադրություն հազիվ թե ունենար։ Երկրորդ․ փամփուշտը մտել է աջ ականջի տակից և դուրս եկել քունքից։ Ինքնասպանն այդպես չէր կրակի։ Եվ, ի վերջո՝ ինչպե՞ս է եղել, որ գնդացիրը, իբր, ականջի տակ դնելով, ընդամենը մեկ փամփուշտի վնասվածք է ստացել, որը մտել է ծնոտի կողքից ու դուրս եկել քունքից։ Ի վերջո, եթե նախաքննություն է գնում, եւ դեռ մահվան հանգամանքները պարզվում են, ինչո՞ւ են ծնողները տեղեկացվում, որ իրենց որդին ինքնասպան է եղել․․․ այս հարցը Կարենի հարազատները վերջնականապես համոզվեն՝ տղային սպանել են», -գրում է թերթը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ թաղման ժամանակ զինվորի քեռին բռունցքներով հարձակվել է ԼՂՀ զորամասից եկած ուղեկցողներից մեկի վրա, որն անզգուշություն է ունեցել ասելու․ «Կարենը զուգարան էր գնում, մի կես ժամ ուշ գնար, հիմա կենդանի կլիներ»։

«Քեռուն և բոլորին զարմացրել է «ստարշինայի» ասածը։ Ուրեմն Կարեն Ավետիսյանն ինքնասպան չի՞ եղել, ինչպես ներկայացվում է», – գրում է թերթը։

Զինվորականի մայրը՝ Ալվարդ Աբրահամյանը, պատմել է, որ քննիչը եկել և իրեն տհաճ հարցեր է տվել։

«Ասում է՝ դու իրա խորթ մա՞յրն ես, աղջիկդ ուրիշի՞ց ա, դա քո երեխե՞ն չի, դու իրեն հունից հանե՞լ ես։ Ասեցի՝ ինչ կա չկա, կտամ գլխովդ։ Ուզում էին սարքեին, որ իմ խորթ երեխեն ա, ես իրան ոչ մի բան չեմ արել, վատ եմ վարվել, ու ինքն իրան սպանել է»։

Հարցրել են նաև՝ տղադ սիրած աղջիկ ունե՞ր։ «Ոչ մի սիրած էլ չուներ, չկա էդպիսի բան, ի՞նչ եք չեղած բաներ ման գալիս»,- պատմել են զինվորականի հարազատները։

Թերթի տեղեկություններով՝ այս պահին գործով կալանավորված է 5 զինծառայող։