Գլխավոր / Բնապահպանություն / Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո Կառավարությունն աջակցում է Սևանում ձկնաբուծությամբ զբաղվողներին

Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո Կառավարությունն աջակցում է Սևանում ձկնաբուծությամբ զբաղվողներին

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ Արարատյան դաշտավայրում գտնվող ձկնաբուծական տնտեսությունները 150%-ով թույլատրելիից շատ ջուր են օգտագործել և հորդորել էր ձկնաբույծներին ինքնակամ ներկայանալ և վերացնել չարաշահումները` մինչև մայիսի 15֊ը՝ այլ պարագայում սպառնալով տուգանել ընկերություններին։ Այսօր Գործակալությունից հայտնել են, որ այս հորդորին արձագանքել է 16 ձկնաբուծական ընկերություն։ Գործակալության մասնագետներն այդ ընկերություններում ստուգումներ են անցկացրել, մասնավորապես, «22 հորեր չափաբերվել են», այսինքն՝ բերվել են թույլատրելի ջրի քանակի բացթողման։

«Արդյունքում խնայվելու է 270.5 լիտր/վայրկյան ջուր», ֊ հայտնել են գործակալությունից։ Մեզ հրաժարվել են ասել՝ որոնք են այդ 16 ընկերությունները։ Հարցին, թե արդյոք «Մխչյան ֆիշ» ընկերությունը, որը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, այդ 16֊ի թվում է, բացասական պատասխան ենք ստացել․ «Մխյան ֆիշից» այս պահի դրությամբ դիմում չենք ստացել»։

Նշենք, որ վերջին տարիներին մամուլը, բնապահպանները, ինչպես նաև պատգամավորները բազմիցս ահազանգել են Արարատի մարզում ձկնաբուծական ընկերությունների օգտին տրվող արտոնությունների մասին․ մասնավորապես, Աբրահամյանի վարչապետության ժամանակ՝ 2014 թվականին, Կառավարությունը Սևանա լճից բաց թողնվող ջրի տարեկան ծավալն ավելացրել է 40 տոկոսով (ըստ որոշման, նախկին 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն Սևանից կարող էր բաց թողնվել մինչև 240 միլիոն խորանարդ մետր ջուր՝ 5 տարի ժամկետով)։ Բնապահպան Ինգա Զառաֆյանի կարծիքով՝ դա արվում էր ոչ թե Արարատի դաշտի գյուղատնտեսներին փրկելու համար, այլ այդ շրջանում ձկնարտադրության ոլորտը սպասարկելու համար։

Այժմ Կառավարությունը փոխել է քաղաքականությունը և դրա մասին է վկայում ոչ միայն վերոնշյալ տուգանքների ենթարկելու սպառնալիքը․ մայիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Սևանա լճից չի կարելի այլևս ջուր բաց թողնել։ Ինչևէ, Կառավարությունը դեմ չէ Սևանա լճի մեջ ձկնաարդատրության զարգացմանը։ Կարեն Կարապետյանի ղեկավարած Կառավարությունը մայիսի 11-ի և ապրիլի 20-ի նիստերում հարկային արտոնություններ և գումարային նվիրաբերություններ է տվել Սևանա լճում մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն իրականացնող ընկերություններին։