Home / Շուկա / Կառավարությունն ԱԱՀ֊ից ազատել է Սևանում ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությանը

Կառավարությունն ԱԱՀ֊ից ազատել է Սևանում ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությանը

Կառավարությունը ազատել է «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկ վճարելուց՝ երեք տարի ժամկետով։ Նման հարկային արտոնություն տալու որոշման մեջ ասված է, որ ընկերությունը պարտասրվում է երկու անգամ մեծացնել Սևանա լճում մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսությունը։ Դա անելու համար ներկրելու է 0.9 միլիարդ դրամի սարքավորումներ, որոնց ԱԱՀ֊ն կկազմեր մոտ 180 միլիոն դրամ։

Ապրիլի 20֊ի նիստում էլ Կառավարությունը որոշել էր 2 միլիարդ դրամ նվիրաբերում անել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին` Սևանա լճում ձկնաբուծության համար ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն տեղադրելու համար։ Այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, իսկ նրա տեղակալն է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը։

Նշենք, որ այս եղանակով ձկնաարտադրությունը Սևանա լճում իրականացվում է 2012 թվականից և առաջացնում է բնապահպանների մտահոգությունը։ Ինչպես նշում է բնապահպանական Ecolur.org կայքը՝ ծրագրի հիմնական ռիսկերն են` ջրի որակի վատթարացումը, լճի ճահճացումը, ձկների վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը: