Home / Ոստիկանություն / «Ելքը» ԿԸՀ է դիմում՝ պահանջելով արձագանքել ՀՀԿ֊ի շտաբում կեղծ քվեաթերթիկներ բաժանելու փաստին

«Ելքը» ԿԸՀ է դիմում՝ պահանջելով արձագանքել ՀՀԿ֊ի շտաբում կեղծ քվեաթերթիկներ բաժանելու փաստին

Հաշվի առնելով, որ երեկ Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում կաշառքի հետ նաև քվեաթերթիկներ բաժանելու դեպք է բացահայտվել, «Ելք» դաշինքն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով, որ կամ անվավեր ճանաչել ՀՀԿ֊ի մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին, կամ նոր մեխանիզմ սահմանել՝ կանխելու բաժանված կեղծ քվեաթերթիկների վավեր համարելը։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը նշել է, որ եթե ԿԸՀ֊ն մերժի առաջին դիմումը՝ ՀՀԿ֊ին ընտրություններից հեռացնելու մասին, այն պետք է բավարարի գոնե երկրորդը։ Մասնավորապես, պետք է տարբեր գույնի գրիչներով քվեաթերթիկներն անվավեր ճանաչվեն և վավեր համարվեն միայն այն ծրարները, որոնց վրա հանձնաժողովի նախագահը կդնի իր կնիքը։

Լրագրողներին այն հարցին՝ արդյոք «Ելքը» այսպիսով չի առաջարկում ծավալուն փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում, մասնագիտությամբ իրավաբան Մարուքյանն ասել է, որ դա օրենսդրական փոփոխություն չէ, այլ ԿԸՀ֊ն կարող է այդ կարգը սահմանել իր որոշումով։

Նիկոլ Փաշինյանը նաև բողոքել է հանցագործության ահազանգով Հանրապետականի շտաբը զննելու եկած ոստիկաններից։ Նախ, Փաշինյանն ասել է, որ ամենասկզբից տեղանքի վրայից վերացվել է «Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ» ցուցանակը։

«Մալաթիա֊Սեբաստիայի Ոստիկանության բաժին գոյություն չունի, գույութուն ունի Սամվել Ալեքսանյանի ոստիկանական խումբը, որը սնվում է պետական բյուջեից։ Գալուն պես ոստիկանների առաջին խնդիրն է եղել, որ մենք տեղափոխվենք Ոստիկանության բաժին․ «Պարոն Փաշինյան, գնանք մի բաժակ սուրճ խմենք, բա արժի որ պատգհամավորը երեք ժամ դրսում կանգնի»։

Ըստ պատգամավորի՝ ոստիկանների նպատակն այն էր, որ հանցագործության վայրը զննության ենթարկվի՝ առանց որևէ ներկայացուցչի կամ լրագրողի։

«Երբ որ տեսան, որ չեն կարող առանց մեզ, որոշեցին, որ շինության տիրոջ քունը տանում է․ նա ասաց՝ գնում եմ քնելու։ Ոստիկանները կնքեցին տարածքը, մենք էլ, մեր հերթին, կնքեցինք ու ողջ գիշեր հերթապահություն ենք անցկացրել», ֊ ասել է Փաշինյանը՝ եզրակացնելով, որ Ոստիկանության նման զգուշությունը վկայում է, որ շտաբում թաքցնելու բան կա։