Home / Դատարան / Հանրային պաշտպանն այլևս չի ներկայանա Արարատ Խանդոյանի դատերին

Հանրային պաշտպանն այլևս չի ներկայանա Արարատ Խանդոյանի դատերին

Գործարար, ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր կրկին պիկետ է անցկացրել Փաստաբանների պալատի շենքի դիմաց։

Նա շարունակում էր պահանջել, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի կամքին հակառակ դատական նիստերին չներկայանա դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից հրավիրված հանրային պաշտպանը։

Այսօրվա ակցիայի ժամանակ պալատի աշխատակիցները Գասպարիին հավաստիացրել էին, որ Խանդոյանի գործով հաջորդ դատական նիստին հանրային պաշտպանը չի ներկայանալու, քանի որ Արարատ Խանդոյանը չի տվել իր համաձայնությունը։

Այս տեղեկությունը Epress.am-ի հետ զրույցում հաստատաել է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, որից հետո Գասպարին դադարեցրել է իր բողոքի ակցիան և հեռացել փաստաբանների պալատի շենքի մոտից։

Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին, երբ Խորենացի փողոցում հավաք էր անցկացվել՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի։ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը): Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է։ Նրա հարազատները համոզված են, որ նրան ձերբակալել են միայն այն պատճառով, որ Արայիկ Խանդոյանի բարեկամն է։