Home / Դատարան / Մեղադրվողներն արդարացման իրենց շանսերը զրոյական են համարում․ դատավորն ու դատախազը հայր և որդի են

Մեղադրվողներն արդարացման իրենց շանսերը զրոյական են համարում․ դատավորն ու դատախազը հայր և որդի են

Մարդուն առևանգելու մեջ մեղադրվող Ռազմիկ Հովհաննիսյանը և Գոռ Չոբանյանը պնդում են՝ իրենք դատարանում արդարացվելու ոչ մի հնարավորություն չունեն, քանի որ Դատախազության այն բաժինը, որը հսկում է գործը, ղեկավարում է գործը քննող դատավորի որդին։

Վանաձորի բնակիչներ Ռազմիկ Հովհաննիսյանի և Գոռ Չոբանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ նույն քաղաքի բնակիչ Էդուարդ Սարիբեկյանին խմբակային և ծրագրված առևանգելու մեղադրանքով։

Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում պնդել է, որ իրենք ոչ մի կապ չունեն առաջադրված մեղադրանքի հետ։

«Հուլիսի 12-ին Էդուարդ Սարիբեկյանը գողության նպատակով մեր տուն է մտած եղել։ Մենք տան տեսախցիկներով տեսել ենք, որ ինքն ա, ման ենք էկել, գտել ենք։ Խոսել ենք հետը, խոստացել ա, որ իրա գողացվածը կբերի ու հարցը կլուծվի։ Մեր խոսակցությունից հետո, ինքը ընկել է ու վնասվել։ Ոստիկանությունում գործ է հարուցվել, որ իբր մենք ենք իրան ծեծել, բայց փորձաքննությունը հաստատել է, որ վնասվածքները ընկնելու հետևանք են եղել։ Վերաքննիչ դատարանը մեզ արդարացրել է էս գործով, բայց մեղադրանքը հետո փոխել են՝ արդեն առևանգելու մասով նոր գործ է բացվել, որի մասին մենք երկար ժամանակ անգամ ծանուցված չենք եղել»,- պատմել է Հովհաննիսյանը։

Առաջադրված մեղադրանքում նշված է, որ Սարիբեկյանի հետ զրուցելու նպատակով Ռազմիկ Հովհաննիսյանը և նրա բարեկամ Գոռ Չոբանյանը Սարիբեկյանին առաջարկել են նստել իրենց ավտոմեքենան, այնուհետև միասին մեկնել են Տիգրան Մեծի պողոտա, որտեղ Հովհաննիսյանը և Չոբանյանը մի խումբ անձանց հետ Սարիբեկյանից պահանջել են հետ վերադարձնել գողոնը։

«Ապա, անտեսելով նրա` գողության հետ որևէ առնչություն չունենալու վերաբերյալ պարզաբանումները, նախնական համաձայնությամբ, Սարիբեկյանի կամքին հակառակ, սահմանափակել են վերջինիս ազատ տեղաշարժը և շուրջ երկու ժամ նրան ապօրինի զրկել ազատությունից: Այդ ընթացքում Հովհաննիսյանը և Չոբանյանը մի խումբ անձանց հետ ծեծի են ենթարկել Սարիբեկյանին, այնուհետև նույն ավտոմեքենայով և կրկին բռնություն գործադրելու սպառնալիքով նրան ապօրինի տեղափոխել են Վանաձոր քաղաքի մեկ այլ վայր, որտեղ վերջինս, ծեծի ենթարկվելուց խուսափելու և առևանգումից ազատվելու համար դիմել է փախուստի, սակայն այդ ընթացքում բարձրությունից վայր է ընկել և ծանր մարմնական վնասվածքներ ստացել», ֊ սա է քննության վարկածը:

Հովհաննիսյանն ասում է, որ ծեծի ենթարկելու և առևանգելու մասին խոսք չի կարող լինել անգամ․ իր և Սարիբեկյանի զրույցի վկաներ են եղել, որոնց այժմ քննությունն անտեսում է։ Մեղադրյալը նշում է, որ իրեն ձերբակալել են այն ժամանակ, երբ քննիչը ցուցմունք տալու պատրվակով կանչել է բաժին։ Հովհաննիսյանի կալանքը փոխվել է գրավի դիմաց ազատ արձակմամբ։

Նա նաև տեղեկացրել է, որ գործով մեղադանք է առաջադրվել նաև իր քրոջ ամուսնուն՝ Գոռ Չոբանյանին, որը մինչ այդ հանդես էր գալիս վկայի կարգավիճակով։

Մեղադրյալներ Հովհաննիսյանն ու Չոբանյանը համոզված են՝ այս պահին ամենամեծ խնդիրն այն է, որ այս գործով իրենց արդարանալու հնարավորությունները զրոյի են հավասար, քանի որ գործը հսկող ՀՀ դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետը Գևորգ Բաղդասարյանն է, ով նույն գործը քննող դատավոր Սուրեն Բաղդասարյանի որդին է։

Հովհաննիսյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ դրա վերաբերյալ իրենք արդեն դատավորի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ հիմքում դնելով քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ:

Սակայն դատարանը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ տվյալ դեպքում այն հիմնավոր չէ, որովհետև գործով մեղադրական եզրակացությունը հաստատել է մեկ այլ դատախազ և անձամբ Բաղդասարյանը չի զբաղվելու գործով։

Այնինչ, փաստաբանը համոզված է, որ անգամ եթե հենց Գևորգ Բաղդասարյանը դատարանում չմասնակցի գործով քննություններին, մեկ է՝ իր ստորադասն է մասնակցելու, ինչը նշանակում է, որ բովանդակային առումով գործով զբաղվելու է Բաղդասարյանը։

«Մեր կողմի համար ակնհայտ է, որ այլ դատախազի այս գործով ներգրավելը ձևական բնույթ է կրում և բովանդակային տեսանկյունից Բաղդասարյանը կարող է յուրաքանչյուր պահի միջամտություն կատարել, քանի որ Դատախազությունը մեկ միասնական համակարգ է, որը գործում է վերադաս–ստորադաս հիմքով։ Հետևաբար վերադասը կարող է յուրաքանչյուր պահի համապատասխան ցուցումով հանդես գալ։ Այս դեպքում, Գևորգ Բաղդասարյանը, հանդիսանալով Մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետը, յուրաքանչյուր պահի կարող է ցուցումներ տալ գործին մասնակցող դատախազին, ինչու չէ նաև անձամբ մասնակցել գործի քննությանը որպես մեղադրող»,- նշել է Ղազարյանը։

Պաշտպանի խոսքով՝ նման կերպ խախտվում է նաև իրենց պաշտպանական իրավունքը և մրցակցային դատավարության սկզբունքը․ «Եթե ինքնաբացարկի հիմքերն առկա են ու դատավորը ինքնաբացարկ չի հայտնում, խախտվում է պաշտպանության իրավունքը, քանի որ ի՞նչպես կարող է դատավորը օբյեկտիվ քննություն իրականացնել մի գործով, որտեղ իր որդին բովանդակային առումով հանդես է գալիս դատական գործի մասնակից»։

Նշենք, որ գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 18-ին։