Գլխավոր / Դատարան / Անասնապահը փոխհատուցման պահանջով եռօրյա բողոքի ակցիա է անցկացնում Վճռաբեկի դիմաց

Անասնապահը փոխհատուցման պահանջով եռօրյա բողոքի ակցիա է անցկացնում Վճռաբեկի դիմաց

Ավտովթարի հետևանքով 35 ոչխարներ կորցրած Նոր Արտագերս գյուղի բնակիչ Զադա Բրոյանը այսօրվանից երեք օր բողոքի ակցիա է անցկացնելու Վճռաբեկ դատարանի դիմաց «Պահանջում եմ արդարություն», «Ազգային խտրականություն Վերաքննիչ քրեական դատարանի կողմից» պաստառներով։

Բրոյանն ասում է՝ դժբախտ պատահարը 3 տարի առաջ է տեղի ունեցել, և այդ օրվանից ինքը դատարանի դռներն է, բայց փոխհատուցում չի կարողանում ստանալ։

«Իմ ոչխարներին վրաերթի է ենթարկել Արտամետ գյուղի ներկայիս գյուղապետի ամուսինը, նախկին գյուղապետ Տոնական Ղազարյանը։ Նա մեքենան քշում էր շատ արագ, 150-160 արագությամբ եկավ, մտավ հոտի մեջ։ Ես ոչխարներին տանելու էի, պետք է ծնեին։ Տեղում 32 ոչխարները սատկեցին, մյուսները ջարդվածքներ ստացան։ Ղազարյանի հետ փորձել եմ համաձայնության գալ առանց դատարանի, ասում եմ՝ ես դատ չեմ ուզում, ինձ իմ փոխհատուցումը տուր, ես վարկով գնել էի ոչխարները, դա իմ տնտեսությունն էր, ապրուստի միջոցը»,֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է ցուցարար Զադա Բրոյանը։

Նրա խոսքով՝ այն, որ քննիչները երեք տարի է աընդհատ գործը կարճում են՝ պատճառաբանելով, թե վարորդի մեղավորությունը բացակայում է, պայմանավորված է նրանով, որ Տոնական Ղազարյանը հայտնի մարդ է, աշխատում է Ջրային տեսչությունում, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական կապեր ունի։ Տուժողը նաև կարծում է, որ իր և որդիների ցուցմունքները չեն ընդունում, քանի որ իրենք ազգությամբ եզդի են։

«Ինձ ասում է՝ գնա, ուր ուզում ես բողոքի, ես մեղք չունեմ, չեմ փոխհատուցելու», ֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է Զադա Բրոյանը։

Բրոյանը նշում է, որ այժմ չի կարողանում բանկին վարկի տոկոսները տալ։

«Ունեմ երեք որդի, մեկը նոր է զորացրվել, մասնակցել է ապրիլյան պատերազմին։ Հիմա միջոց չունեմ ամուսնացնեմ։ Մյուսը 99 թիվ է, բանակի ենթակա։ Ունեմ 6 հոգանոց ընտանիք, հիվանդ մայր, չեմ կարողանում ապահովել», ֊ ասել է նա։