Գլխավոր / Բանակ / Վիգեն Սարգսյանը լավ ելույթներ է ունենում, իսկ բանակում սպանդ է․ մահացած զինվորի ծնողներ

Վիգեն Սարգսյանը լավ ելույթներ է ունենում, իսկ բանակում սպանդ է․ մահացած զինվորի ծնողներ

Երկու ամսից կլրանա Տավուշի մարզի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Մխիթարյան մահվան 1 տարին։ Ամիսներ շարունակ ձգձգվող նախաքննությունը զինծառայողի ծնողներին ստիպել է վերջնականապես համոզվել, որ բարձրաստիճան պաշտոնյաները որդու սպանության հետքերն են փորձում թաքցնել։ Կասկածները, ծնողների խոսքով, ավելի քան հիմնավոր են․ չկա մահվան պատճառ հանդիսացած գնդակը, զենքի վրա մատնահետքեր չկան, խոսակցություններ կան, որ Արսենին զորմասում նեղել են։ Epress.am-ին տված վերջին հարցազրույցից հետո էլ ծնողներին հասկացրել են՝ հարցազրույցներ մի՛ տվեք։

«Էս ամենադաժան ցավն է…Հիմա մեզ ուժեղի տեղ ենք դրել, պայքարում ենք, վազում ենք, ինչի՞ համար, հա՛մ ես որդի կորցնեմ, հա՛մ արդարությու՞ն պահանջեմ․․․ Ես այն ժամանակ, երբ տեսա սևազգեստ մայրերին, որոնց վերցնում են, շպրտում են, ասում էի՝ վա՜յ մա՞րդ էլ էս երկրում որդուն բանակ կուղարկի… Մենք էլ ասացինք՝ դե տեր կկագնենք [մեր որդուն], բայց չպատկերացրինք, որ սենց դաժան կլինի իրականությունը։ Ես գիտեի, բայց փաստորեն հերթականն էլ ես եղա», — պատմում է զինծառայողի մայրը՝ Լուսինե Մխիթարյանը:

Մահացած զինվորի մայրը կոչ է անում բոլոր նորակոչիկների ծնողներին այս պայմաններում իրենց որդիներին չուղարկել բանակ, իսկ եթե հնարավորություն չունեն, թող հենց սկզբից պահանջեն, որպեսզի իրենց երեխաների կյանքի ապահովման համար պատասխանատուներ լինեն։

Մխիթարյաններն ընդգծում են՝ իրենց որդու գործով «ձգձգվող և խաբող» նախաքննությունը թույլ չի տալիս հավատալ Պաշտպանության նախարարի ելույթներին․ «Վիգեն Սարգսյանը լավ ելույթներ է ունենում, իսկ ներսում սպանդ է»:

Արսենի ծնողներին հատկապես զայրացրել է զորամասի հրամանատար Սամվել Մինասյանի կողմից շրջանառվող այն վարկածը, թե իբր ընտանեկան խնդիրների պատճառով է Արսենն ինքնասպանություն գործել։

Ինքնասպանություն որակված մահվան հետ կապված ծնողներն ունեն են մի շարք անպատասխան հարցեր․

Դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 3-ին, Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի «Լույս» մարտական հենակետում, ծնողների տեղեկություններով, Արսենի հետ եղել են ևս մի քանի զինվորական, որոնք միաբերան պնդում են, թե ոչնչից տեղյակ չեն, կրակոցի ձայներ չեն լսել։

Զինծառայողի հայրը՝ Արթուր Մխիթարյանը, պատմում է, որ որդու մահվանից հետո ինքը գնացել է մարտական դիրքեր, որտեղ պատահել էր դեպքը։ Այնտեղ հոր ներկայութամբ փորձաքննություն են իրականացրել, որ տեսնեն՝ եթե Արսեն Մխիթարյանի գտնվելու վայրից կրակոց արձակվեր, արդյոք կլսվե՞ր այն տեղում, որտեղ կանգնած են եղել մյուս զինծառայողները։

«Էն էլ փուստ պատրոններով են կրակել, որն ավելի կամաց էր կրակում։ Մեկ է՝ լսվել է, սակայն այդ զինծառայողներն ասում են՝ մենք չենք լսել», — պատմում է Մխիթարյանը՝ պնդելով, որ անգամ այն փաստը, որ ինքը փորձաքննության ժամանակ հստակ լսել է կրակոցի ձայներ, ոչինչ չի փոխի նախաքննության ընթացքի մեջ․ «Մեկ է՝ իրենք ինչ ուզում են, անում են։ Ուզում ես դու ասա՝ լսել եմ, իրենց ձեռքին է ամեն ինչ»։

Ծնողների տեղեկություններով՝ այդ օրն իրենց որդու հետ դիրքերում եղած զինվորականներից ոչ մեկի շորերը փորձաքննության չեն ուղարկել։

Երբ վերջին անգամ Լուսինե Մխիթարյանը գնացել է դատախազություն և հետաքրքրվել, թե ինչ նորություն կա որդու հեռախոսազանգերի վերծանումից, նրան ասել են․ «Դա մեր ցավոտ կողմն է, մասնագետները էնքան քիչ են։ Ես էլ ասում եմ՝ դե հա, բոլոր երեխեքը գնում են բանակ, ինքնսպան են լինում, դեպքերը էնքան շատ են, որ մասնագետները չեն հերիքում, չեք հասցնում վերծանեք, բացահայտեք»։

Դատախազությունում ասել են նաև, որ Արսենը գործ անել չէր սիրում։

«Իմ երեխեն, ես գիտեմ իր գործը արել է, ինքը ուրիշների գործը չպետք է աներ։ Ինչ-որ կոնֆլիկտ է եղել», -ծնողներին դատախազությունում լսած այդ նախադասությունը համոզում է, որ դրա համար էլ սպանել են։

Ծնողներին ասել են, որ Արսենի մահը վրա է հասել իրեն ամրակցված զենքի կրակոցից։ Զենքի վրա, սակայն, պատմում են ծնողները, առհասարակ մատնահետքեր չկան․ «Քննիչներն ասում են՝ համեմատության համար ոչ մի պիտանի մատնահետքեր չկան․․․ Ո՞նց կարա ոչ մի մատնահերտք չլինի․ գործն արել են, զենքը մաքրել են, դրել են այնտեղ»։

Դատախազը, մոր խոսքով, իրենց այդ ամենը այսպես է բացատրել․ «Դատախազը ասում է՝ ասենք թե էս ակնոցն է, իմն է, որ ես անընդհատ վերցնում եմ, դնում եմ, իմ մատնահետքերը վրեն չի մնում, բայց թե հանկարծ դուք վերցնեք նոր կմնա: Տենց հեքիաթ ո՞վ է լսել»։

Գնդակը, որից վրա է հասել Արսենի մահը, չի հայտնաբերվել․ «Ասում են՝ գնդակը դուրս է եկել, գնացել, իսկ պարկուճը այստեղ գցած է։ Ա՜յ քեզ բան, դու պարկուճը կարող ես Գերմանիա կրակել, բերել այստեղ գցել, ասես՝ դա է»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Զինծառայողի ծնողները պատմում են, որ երբ իրենց որդին նոր էր գնացել բանակ «վատ վաշտ էր ընկել» և նրանք փորձել են Արսենին տեղափոխել այլ վաշտ։

«Ինչ գործ կար, անում էր․․․ Ասում էր, մա՛մ, չգիտեմ՝ բանակ եմ եկել, թե խոպան․․․ Ոնց որ երեխեքին գցում են էդ վատ տեղը, ինչ ծանր աշխատանք կա [անում են], որ երեխեն ծնողներին ասի՝ ինձ ստեղից ավելի հանգիստ տեղ տարեք․․․», — պատմում է զինվորի մայրը:

Նրա խոսքով՝ այդ ընթացքում հայտնվել է Մեղրիի զորամասից Վահան Յայլոյան անունով մի ծանոթ փոխգնդապետ, որը խոստացել է Արսենին ավելի լավ վաշտ տեղափոխել։ Դրա համար, ծնողների խոսքով, Յայլոյանը խոստացել է գումարը տալ Արսենի հրամանատար Գեորգիին, որ այդ գործը անի։

«Յայլոյանը եկավ մեր տուն, իր անձնագրի տվյալները գրեց, 700 դոլար փող ես անձամբ իմ ձեռքով բանկով փոխանցել եմ, կվիտանցիաները կան», — մոր տեղեկություններով, սակայն, Յայլոյանը ոչ մի գումար չի փոխանցել հրամանատարին․ «Դու մի ասա, իրանք էնքան լավ փոխհարաբերությունների մեջ են եղել, որ առանց գումարը տալու տեղափոխել են Արսենին»:

Մայրը պատմում է, որ որդու դեպքից հետո իր ամուսինը հրամանատարի հետ խոսել է, վերջիս լացելով ասել է․ «Ինձ ոչ մեկը ոչ մի գումար չի տվել»։

Արսենի ծնողները վստահ են, որ եթե գումարը, որ նախատեսված էր նրան այլ վաշտ տեղափոխելու համար, հասներ նպատակին, գուցե որդու դեպքը տեղի չունենար․ «Հրամանատարն իր երեխու պես կնայեր Արսենին»։

Հարցազրույցի վերջում Լուսինե Մխիթարյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանում իրենք այլևս իրենց ապահով չեն զգում․ «Եթե մեր ընտանիքի անդամների հետ մի բան եղավ, ուրեմն իմացե՛ք էս իրանց գործերն է»: