Home / Դատարան / Փոստանջյանի և դստեր գործն ամբողջական չի քննվում․ բողոք Դատախազությանը

Փոստանջյանի և դստեր գործն ամբողջական չի քննվում․ բողոք Դատախազությանը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը պահանջում է իր և իր դստեր նկատմամբ մայիսի 14֊ին ոստիկանների կիրառված ֆիզիկական բռնության դեպքը  քննել ամբողջական կերպով, ինչն անելու համար, ըստ նրա, պետք է հարուցել քրեական գործ հետևյալ հանցակազմերով՝ խոշտանգումը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, հանցագործության պարտակումը, ապօրինի որոշում կայացնել և անձին ապօրինի ազատությունից զրկելը, ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտելը, մարմնական վնասվածքներ պատճառելը, ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը: Կուսակցության նախագահը պահանջում է իր և դստերը ճանաչել տուժող:

Այսպիսի քրեական գործի հարուցման պահանջով Փոստանջյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։

«Այս գործողությունը կատարվել է մի խումբ ոստիկանների կողմից Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ իրենց ծառայողական և հասարակական պարտականությունները կատարելու ժամանակ` լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի մասին ահազանգելու, դրանց տեղը մատնանշելու և զննությամբ դրանք արձանագրելու պահանջի ընթացքում։ Զարուհի Փոստանջյանի կողմից մատնանշված տեղում ծանր հանցագործության կատարման վերաբերյալ փաստերի պարտակումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների համատեղ գործունեությունն արարք է, որն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 334 հոդվածով նախատեսված հանցակազմ` հանցագործության պարտակում` արդարադատության դեմ ուղղված հանցագործություն»,֊ ասված է Փոստանջյանի բողոքում։

Մյուս հանցագործությունը, որը նա արձանագրում է պաշտոնեական դիրքն օգտագործելն է բռնություն կիրառելու համար։

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, անցնելով իրենց լիազորությունները, խախտել են Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի իրավունքներն ու ազատությունները` կապված նրանց սեռից, սոցիալական ծագումից, աշխարհայացքից, քաղաքական հայացքներից, ինչը վնաս է պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին», ֊ գրել է Փոստանջյանը։