Գլխավոր / Դատարան / ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի զոհերից մեկը հաղթել է դատարանում

ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի զոհերից մեկը հաղթել է դատարանում

Պետեկամուտների կոմիտեն խախտել է Ռոբերտ Նիկողոսյանի աշխատանքային իրավունքները՝ կրճատելով նրան, հարկադիր պարապուրդի մատնելով և չվճարելով այդ պարապուրդի համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ երեկ վճիռ է կայացրել «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով, պարտավորեցրել վերականգնել հայցվորի իրավունքները և նրան վճարել 3600 եվրո՝ արդար դատավարության իրավունքից անձին զրկելու համար։

Epress.am-ի հետ զրույցում հայցվորի պաշտպան Եվգենիա Նիկողոսյանն ասել է, որ իր պաշտպանյալը միակը չէ, որ տուժել է․ անօրինական կերպով 2009 թ․ ՊԵԿ֊ից կրճատվել են 75 աշխատակիցներ, որոնցից ևս երկուսի բողոքները հասել են Եվրոպական դատարան։

Ռոբերտ Նիկողոսյանը աշխատել է Երևանի Քանաքեռ֊Զեյթուն վարչական տարածքում որպես հարկային տեսուչ։ Ազատվել է աշխատանքից 2009 թվականին՝ «կրճատումների» պատճառաբանությամբ։ Հայաստանի դատարանները մի քանի անգամ բավարարել են նրա բողոքները և պարտավորեցրել Կոմիտեին վճարել աշխատակցին հարկադիր պարապուրդի մատնելու համար, սակայն գերատեսչությունը 6 տարի շարունակ հրաժարվել է կատարել պարտավորությունները՝ անընդհատ բողոքարկելով վճիռները վերադաս դատարաններում։ Բողոքները մերժվել են։ ՊԵԿ֊ի դեմ ընդունված հայաստանյան դատարանների վճիռները նաև պարտավորեցում էին վերականգնել Ռոբերտ Նիկողոսյանի աշխատանքը։ ՊԵԿ֊ը դա ևս չի կատարել՝ պատճառաբանելով, որ Նիկողոսյանի զբաղեցրած հաստիքը այլևս չկա։

Ռոբերտ Նիկողոսյանը Epress.am֊ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ դատավճիռները չէին կատարվում, քանի որ այն ժամանակվա ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ճնշում էր գործադրում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վրա։ «Դատարանը վճռի կատարման համար տվել էր 2 շաբաթ ժամանակ, բայց իմ փոխհատուցումը ձգձգվեց 6 տարի։ Այդ 2 շաբաթում չկատարելն էլ նախատեսում էր 700.000 դրամ տույժ, քիչ գումար չէր։ Սակայն ինձ հասանելիք փոխհատուցումը չտվեցին մինչև ես չդիմեցի Եվրոպական դատարան և դատարանը չկոմունիկացրեց։ Հիմա ՄԻԵԴ֊ը վճռեց իմ օգտին, էդ խայտառակությունը իրենց կպավ՝ կոռումպացված Գագիկ Խաչատրյանի պատճառով», — ասել է Ռոբերտ Նիկողոսյանը։

Նրա խոսքով, իր պես աշխատանքը կորցրածներից մի քանիսը այս տարիների ընթացքում մահացել են՝ չհասնելով արդարադատության։ «Մեկի գործն էլ ՄԻԵԴ֊ում էր, երբ նա մահացավ։ Հավանաբար, փաստաբանի նկատմամբ ճնշում գործադրեցին, գործը կարճվեց, նման կարգավորում կա, երբ փաստաբանը ՄԻԵԴ֊ի նամակներին չի պատասխանում, գործը կարճում են»։

Սա առաջին դեպքը չէ, երբ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռ է կայացնում՝ դատարանի վճիռները ԴԱՀԿ-ի կողմից չկատարելու պատճառով։ «Ավաքեմյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ ԴԱՀԿ-ն չի կատարել Իրանի քաղաքացի Ավանես Ավաքեմյանի օգտին կայացված դատական ակտը և Նոյեմզար Քալաջյանից ու Մուրադ Գուլոյանից հոգուտ Ավաքեմյանի չէր գանձել 39.000 դոլար պարտքը։ Մուրադ Գուլոյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, Գագիկ Ծառուկյանի խնամին է, իսկ մյուս պարտատուն՝ Նոյեմզար Քալաջյանը՝ Գուլոյանի կինն է։