Գլխավոր / Ազգային ժողով / ՀՀԿ֊ն ուզում է փակել Մարդու իրավունքների հանձնաժողովը, քանի որ այն պարապ է

ՀՀԿ֊ն ուզում է փակել Մարդու իրավունքների հանձնաժողովը, քանի որ այն պարապ է

ԱԺ֊ում մեծամասնություն կազմող ՀՀԿ֊ն առաջարկում է կրճատել 12 մշտական հանձնաժողովները և նորընտիր վեցերորդ գումարման խորհրդարանում թողնել միայն 9֊ը։ Այս առաջարկը խորհրդարանի ամբիոնից այսօր ներկայացրել է ՀՀԿ֊ական պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը։

Այս կրճատման տակ է ընկնում, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։

Կրճատումը Թովմասյանը բացատրել է երեք գործոններով՝ պատգամավորների թվի կրճատում (105 նախկինում 131-ի դիմաց), որոշ հանձնաժողովների քիչ ծանրաբեռնվածություն և քաղաքական որոշում՝ ՀՀԿ֊ի կողմից։

Պատգամավորն ասել է, որ մարդու իրավունքների հարցերով այսուհետ կզբաղվի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որը Տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ եղել է ամենածանրաբեռնվածը 5֊րդ գումարման ԱԺ֊ում։ Մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկել էր 47 օրինագիծ, մինչդեռ 5 տարվա ընթացքում ընդունվել է 1120 օրենք, որից 1034֊ը հեղինակել է ոչ թե օրենսդիր մարմինը, այլ Կառավարությունը։

«Մարդու իրավունքնքերի հանձնաժողովն էականորեն մոտ է պետաիրավական հարցերի հանձնաժողովին։ Առաջարկում ենք միացնել»,֊ ասել է նախկին նախարարը։

Բացի դրանից, ՀՀԿ֊ն առաջարկում է փոփոխել մեկ այլ մշտական հանձնաժողովի անվանումը․ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներգին գործերի ԱԺ հանձնաժողովից կհանվեն «ներքին գործեր» բառերը։

Թովմասյանն ասել է, որ դա խորհրդային ժամանակներից եկող տերմին է․ ինչևէ, ըստ էության, հանձնաժողովը կշարունակի ներքին գործերի, օրինակ՝ Ոստիկանության վերաբերող հարցերով զբաղվելը։

Նորընտիր ԱԺ֊ում կշարունակի 10 հոգանոց կազմով գործել եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովը, թեև Հայաստանն այժմ այլ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ է։

«Այստեղ կա քաղաքական կոմպոնենտ։ Մեր Սահմանարդության հիմքում դրված է եվրոպական իրավական համակարգը, արժեքները։ Չնայած քիչ ծանրաբեռնված է եղել, բայց կշարունակի գործել», ֊ բացատրել է ՀՀԿ֊ականը։

Այս փոփոխություններին դեմ են արտահայտվել «Ելք» դաշինքի պատգամավորները։ Նրանց հատկապես անհանգստացրել է Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը վերացնելու որոշումը, այն պայմաններում, երբ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները շատ են։

«Մարդու իրավունքների վճիռների մասով Եվրոպական դատարանը տվել է գնահատականներ, որոնք դուք չեք կարող հերքել։ Փորձ արվել է հերքել, բայց պարտվել են», ֊ նշել է «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը։