Home / Մեդիա / Ինչու չի կարելի գրել «ինչ֊որ մեկդ գնդակահարեք Թրամփին»․ Ֆեյսբուքի գաղտնի կանոնները

Ինչու չի կարելի գրել «ինչ֊որ մեկդ գնդակահարեք Թրամփին»․ Ֆեյսբուքի գաղտնի կանոնները

Բրիտանական «Գարդիան» պարբերականը հետաքննություն է անցկացրել՝ բացահայտելով Ֆեյսբուք սոցցանցի գաղտնի կանոններն ու սկզբունքները, ըստ որոնց որոշվում է, թե ցանցի 2 միլիարդ օգտատերերն ինչ կարող են հրապարակել կայքում։ «Գարդիան»֊ի ձեռքում են հայտնվել ավելի քան 100 ներքին ձեռնարկներ, աղյուսակներ ու սխեմաներ, որոնք աննախադեպ պատկերացում են տալիս բռնության, ատելության խոսքի, ահաբեկչության, պոռնոգրաֆիայի, ռասիզմի, ինքնավնասման ու այլ խնդիրների վերաբերյալ Ֆեյսբուքի կիրառած վերահսկողության մեթոդների մասին։

«Ֆեյսբուքի ֆայլերի» համաձայն՝ կայքի մոդերատորներից շատերը մտահոգություններ ունեն քաղաքականությունների մի մասի անհետևողական ու տարօրինակ բնույթի վերաբերյալ։ Սեռական բովանդակությանը վերաբերող քաղաքականությունը, օրինակ, համարվում է ամենաբարդն ու շփոթեցնողը։

«Հազարավոր սլայդներ ու նկարներ օգտագործելով՝ Ֆեյսբուքը սահմանում է սկզբունքներ, որոնք կարող են անհանգստացնող լինել այն քննադատների համար, որոնք պնդում են՝ ծառայությունն արդեն վերածվել է հրատարակչի ու պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ատելություն, բռնություն պարունակող, վիրավորական հրապարակումները հեռացնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, տվյալ սկզբունքները կարող են մտահոգել նաև ազատ խոսքի պաշտպաններին, որոնք արդեն իսկ համոզված են՝ Ֆեյսբուքը ներկայումս աշխարհի խոշորագույն գրաքննողն է»,֊ գրում է «Գարդիան»֊ը։

Պարբերականին հասանելի են դարձել վերջին տարվա ընթացքում մոդերատորներին տրամադրված փաստաթղթեր, որոնք նրանց ուղորդում են․

֊ Ջնջել «Ինչ֊որ մեկդ գնդակահարեք Թրամփին» ու նմանատիպ այլ արտահայտություններ, քանի որ, լինելով պետության ղեկավար, Թրամփը գտնվում է պաշտպանված կատեգորիայում։ Թույլատրվում է, սակայն, ասել «պոռնիկի վիզը կոտրելու համար, համոզվեք, որ ձեր ողջ ճնշումը գործադրում եք վզի կենտրոնի վրա» կամ «ռադ եղի ու մեռի», քանի որ նման հայտարարությունները չեն ընկալվում որպես հավաստի սպառնալիքներ։

֊ Բռնի մահվան տեսանյութերը, նույնիսկ եթե նշված են որպես տագնապալի, պարտադիր չէ հեռացնել, քանի որ դրանք կարող են նպաստել մի շարք խնդիրների, օրինակ հոգեկան հիվանդության մասին իրազեկվածության բարձրացմանը։

֊ Ոչ սեռական ֆիզիկական բռնություն կամ երեխաների բուլլինգ պատկերող նկարները պարտադիր չէ հեռացնել կամ «որևէ գործողության ենթարկել», եթե դրանցում չկա սադիստական կամ խրախուսական տարր։

֊ Կենդանիների նկատմամբ բռնություն պատկերող նկարների տարածումը թույլատրվում է, ու միայն չափազանց տրավմատիկները պետք է նշվեն որպես «տագնապալի»։

֊ Մերկություն ու սեռական գործողություն պատկերող «ձեռագործ» արվեստի գործերի հրապարակումը թույլատրվում է, իսկ սեռական գործողություն պատկերող թվային արվեստի գործերինը՝ ոչ։

֊ Հղիության ընդհատում պատկերող տեսանյութերը թույլատրվում են, եթե դրանցում չկա մերկություն։

֊ Ֆեյսբուքը մարդկանց թույլ է տալիս կենդանի հեռարձակել իրենց ինքնավնասման փորձերը, քանի որ «չի ցանկանում գրաքննության կամ պատժի ենթարկել վշտահար անձանց»։

֊ Սոցիալական որևէ հարթակում ավելի քան 100 000 հետևորդներ ունեցող ցանկացած օգտատեր համարվում է հասարակական գործիչ, ինչը նրանց զրկում է մասնավոր անձանց տրվող լիարժեք պաշտպանությունից։

Թույլատրված հրապարակումների շարքում են նաև նմանատիպ հետևյալ արտահայտությունները․ «Աղջնակը պետք է իրեն կարգին պահի, քանի դեռ հայրիկը գլուխը չի ջարդել» կամ «Հուսով եմ մեկնումեկը կսպանի քեզ»։ Տվյալ սպառնալիքները դիտվում են կամ որպես ընդհանրական, կամ՝ անարժանահավատ։

Հրապարակված փաստաթղթերից մեկում Ֆեյսբուքն ընդունում է, որ «մարդիկ բռնության լեզվի կիրառմամբ իրենց վրդովմունքն են արտահայտում օնլայն» ու Ֆեյսբուքում նման արտահայտություններ անելիս «իրենց ապահով են զգում»։

Փաստաթուղթը, մասնավորապես, ասում է․ «Նրանք վստահ են, որ տվյալ խնդրի հետ հետագայում այլևս չեն առնվչի․ նրանք անտարբեր են այն անձանց հանդեպ, ում հասցեին հնչեցնում են այս սպառնալիքները, քանի որ սարքերի միջոցով հաղորդակցվելը պակասացրել է միմյանց հանդեպ մարդկանց կարեկցանքը։ Պետք է ասենք, որ բռնության լեզուն հաճախ անարժանահավատ է, եթե լեզվի կոնկրետությունը հիմք չի տալիս կարծելու, որ գործ ունենք ոչ թե պարզապես զգացմունքի արտահայտության, այլ՝ կոնկրետ դավադրության։ Այս տեսանկյունից, «Կսպանեմ քեզ» կամ «Ռադի եղի ու մեռի» լեզուն արժանահավատ չէ ու միայն վրդովմունքի կամ հակակրանքի արտահայտություն է [․․․] Ոչ բոլոր անդուր կամ մտահոգիչ հրապարկումներն են խախտում մեր համայնքի սկզբունքները»։

Մոնիկա Բիկերտը՝ Ֆեյսբուքի գլոբալ քաղաքականության կառավարման ղեկավարը, «Գարդիան»֊ի հետ զրույցում ասել է, որ ծառայությունն ունի շուրջ 2 միլիարդ օգտատեր ու հեշտ չէ կոնսենսուսի հասնել թույլատրելի բովանդակության վերաբերյալ։

«Մենք ունենք շատ բազմազան գլոբալ համայնք ու մարդիկ, բնականաբար, ունեն թույլատրելիի մասին շատ տարբեր պատկերացումներ․ մոխրագույն տարածքներ միշտ էլ լինելու են։ Օրինակ, հումորի, երգիծանքի ու անպատշաճ բովանդակության միջև գիծը հաճախ շատ վիճելի է։ Բարդ է որոշել՝ արդյոք որոշ հրապարակումները համապատասխանում են կայքին, թե ոչ»,֊ նշել է Բիկերտը։

Նրա խոսքով, որոշ վիրավորական մեկնաբանություններ կարող են ինչ֊որ համատեքստում խախտել Ֆեյսբուքի սկզբունքները, բայց՝ ընդունելի լինել այլ համատեքստերում։

Բռնի մահ, ոչ սեռական ֆիզիկական բռնություն ու կենդանիների նկատմամբ բռնություն պատկերող հրապարակումների վերաբերյալ «Ֆեյսբուքի ֆայլերում» ասված է․ «Բռնի մահվան տեսանյութերը տագնապալի են, բայց կարող են իրազեկվածության մակարդակը բարձրացնել։ Տեսանյութերի առումով, կարծում ենք, անչափահասներն ունեն պաշտպանության, իսկ չափահասները՝ ընտրության կարիք։ Մարդկանց բռնի մահվան տեսանյութերը, հետևաբար, նշում ենք որպես «տագնապալի»»։

Նման տեսանյութերը, ըստ կայքի ղեկավարության, պետք է «թաքցնել անչափահասներից» բայց ոչ հեռացնել կայքից, քանի որ դրանք կարող են «նպաստել ինքնավնասման, հոգեկան հիվանդության, պատերազմի հանցագործությունների ու այլ կարևորագույն խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը»։

Երեխաների հանդեպ ոչ սեռական ֆիզիկական բռնության վերաբերյալ Ֆեյսբուքն ասում է․ «Երեխաների հանդեպ բռնություն պատկերող նկարները չենք գրաքննում։ Երեխաների հանդեպ բռնության տեսանյութերը նշում ենք որպես «տագնապալի»։ Երեխաների հանդեպ բռնություն պատկերող նյութերը հեռացնում ենք, եթե դրանց տարածումը զուգորդվում է սադիզմով ու խրախուսանքով»։

Սլայդերից մեկը բացատրում է, թե ինչու կայքը ավտոմատ կերպով չի հեռացնում երեխաների հանդեպ ոչ սեռական բռնության պատկերները․ «Երեխային հնարավոր է հայտնաբերել ու փրկել․ համենայնդեպս, կիրառում ենք օգտատերերին պաշտպանելու միջոցներ»։ Սա կարող է արտահայտված լինել «բովանդակությունը տագնապալի է» զգուշացման տեսքով։

Կենդանիների նկատմամբ բռնության վերաբերյալ սկզբունքները հետևյալ կերպ են բացատրվում․ «Կենդանիների նկատմամբ բռնություն պատկերող նկարներն ու տեսանյութերը թույլատրվում են, քանի որ դրանք իրազեկվածություն են բերում։ Որոշ չափազանց մտահոգիչ նյութեր կարող են նշվել որպես «տագնապալի»՝ օգտատերերին պաշտպանելու նպատակով»։

Մանրամասները՝ «Գարդիան»֊ի կայքում (անգլերեն)