Գլխավոր / Առողջապահություն / «Սանիթեքի» զոհերը հերքում են ընկերության հերքումը

«Սանիթեքի» զոհերը հերքում են ընկերության հերքումը

2017 թվականի ընթացքում «Սանիթեք» ընկերության 7 աշխատակցի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Այս մասին Epress.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ընկերության լրատվության հետ կապերի բաժնից։ Ինչպես երևում է «Սանիթեքի» պատասխանից, պատահարներից ոչ մեկն ընկերության մեղքով չի եղել։

«Բոլոր դեպքերում պատճառները խիստ տարբեր են․ որոշ դեպքերում առկա է եղել բացթողում և ուշադրության բացակայություն աշխատակցի կողմից, մեկ այլ դեպքում մեղավոր են եղել երրորդ անձինք», — նշված է կազմակերպության պատասխանում։ Ընդգծված է, որ քանի որ սանմաքրման և աղբահանության ոլորտում աշխատանքը դյուրին չէ, այդ պատճառով աշխատանքի ընթացքում խնդիրներից ու թեթև պատահարներից խուսափել հնարավոր չէ։

Վրաերթի ենթարկած աշխատակիցները, որոնց հետ Epress.am-ը կարողացել է կապ հաստատել, այլ բան են պատմում։

Մարտի 14-ին Հերացի փողոցի երթևեկելի մասում վրաերթի ենթարկված 41-ամյա Կարմեն Աբգարյանը պատմում է, որ իրենք մշտապես աշխատանքային ժամից շատ են աշխատել։ Դժբախտ պատահարի օրն էլ իրեն ստիպել են աշխատանքային ժամի ավարտից հետո մաքրել փողոցի երթևեկելի մասի միջնահատվածը։ Այն պահին, երբ կինը փորձել է անցնել փողոցը և հասնել ճանապարհի միջնամաս, ընթացող մեքենան հարվածել է նրան․ ««Գազելից» իջանք, ավելները կապեցինք, պետք է ճանապարհը անցնեինք, չէինք կարող վերգետնյա անցումով անցնեինք, քանի որ մենք պետք է լինեինք փողոցի մեջտեղի մասում։ Այդ ժամանակ էլ սկսել էր երթևեկությունը»։

Մարտի 26-ին Բաղրամյան-Կիևյան խաչմերուկի դեպի Բաղրամյան տանող հատվածում աղբը մեքենայի մեջ թափելու ժամանակ վրաերթի ենթարկված և հետագայում ոտքի անդամահատում տարած Վոլոդյա Աճեմյանի խոսքով մեքենան իրեն հարվածել է փողոցի երթևեկելի մասում․ «Դուք կարող եք հեռվից էլ կանգնել ու նայել, թե փողոցում ոնց է կատարվում աշխատանքը։ Մեքենաները երկու ռյադով կանգնած են, գալիս է «Սանիթեք»-ի մեքենան, որտե՞ղ պետք է կանգնի․ 3-րդ ռյադում պետք է չէ՞ կանգնի։ Էլ ո՞նց ուրիշ մեքենա անցնի։ Արդեն բանուկ մասը փակ է։ Ու եկողը էլ չի նայում, գալի խփում, անցնում է»։

Epress.am-ը հետաքրքրվել էր «Սանիթեքից»՝ արդյոք պահպանվում են աշխատակիցների անվտանգության կանոնները։

«Ընկերությունը պարբերաբար բացատրական աշխատանքներ է տանում բոլոր աշխատակիցների հետ՝ ապահովելու համար աշխատանքային անվտանգության կանոնները», — իր պատասխանում ընկերությունը ընդգծել է, որ աշխատակիցների կողմից աշխատանքային անվտանգության կանոնների խախտման բոլոր դեպքերում ընկերությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում, տարվում են բացատրական աշխատանքներ, կոնկրետ դեպքերով պայմանավորված՝ կիրառվում է նաև կարգապահական տույժ:

Մեր զրուցակիցները՝ Կարմեն Աբգարյանը և Վոլոդյա Աճեմյանը նշում են, որ «Սանիթեքում» հիմնականում անվտանգության կանոնները չեն պահպանվում։ Կարմենի խոսքով՝ իր վրաերթի օրը անվտանգության կանոնները չեն պահպանվել․ «Ասացին՝ իջեք ու անցեք ճանապարհը, գնացեք, որ սրբեք»։ Կինը հիշում է, որ երբ ընկերությունը նոր էր բացվել, իրենց ասել էին, որ 75 սմ-ից ավել չգնան դեպի ճանապարհի կենտրոն, սակայն «ստիպում են՝ 3-4 մետր գնանք»։

«Ոչ մի աշխատողի անվտանգությունը պաշտպանված չի։ Առաջին դեպքը չէ, մշտական էլ «Սանիթեք»-ում այդ վիճակն է։ Օր չկա, որ մարդ մի փորձանքի չհանդիպի», — պատմում է Վոլոդյա Աճեմյանը։

Իր պատասխանում Աճեմյանի հետ կատարվածը ընկերությունն այսպես է որակել․ «Առանց դեպքի դետալային նկարագրության՝ պարզապես նշենք, որ խոսքը, կարելի է ասել, դասական դժբախտ պատահարի մասին է, որից, ցավոք սրտի, ոչ ոք ապահովագրված չէ․․․ Վոլոդյա Աճեմյանի հետ պատահած դժբախտ դեպքը տեղի է ունեցել նրա աշխատանքային ժամին, սակայն պայմանավորված չի եղել աշխատանքային անվտանգության կանոնների խախտմամբ։ Մեկ այլ քաղաքացի իր մեքենայով հարվածել է աշխատակցին, որն այդ պահին կանգնած է եղել Սանիթեք ընկերության մեքենայի կողքը»։

Վոլոդյա Աճեմյանի դուստրը՝ Ռուզաննան պնդում է, որ վրաերթից հետո «Սանիթեք»-ից ոչ մի օգնություն չեն ստացել, բացի աշխատանքային պայմանագրով ամրագրված բժշկական ապահովագրության 1 միլիոն 800 հազար դրամ գումարից։ Քանի որ Աճեմյանի առողջական խնդիրները չեն ավարտվել առաջին վիրահատությունից հետո, սկսվել է բարդացում և բժիշկները ստիպված են եղել անդամահատել ոտքը, լրացուցիչ ծախսեր են առաջացել։ Կինը պնդում է, որ այդ ժամանակ էլ հոր համար արյուն գնելու նպատակով ընկերությունից խնդրել է 30 հազար դրամ և մերժվել է։

«Սանիթեք»-ի այն պնդմանը, թե ընկերության տնօրենն անձամբ այցելել է աշխատակցին և իր աջակցությունը հայտնել, Ռուզաննան պատասխանել է, թե իրականում տնօրենը ոչ թե իր հորն է այցելել, այլ նույն հիվանդանոցում գտնվող օրեր առաջ վթարի ենթարկված Կարմեն Աբգարյանին։

«Այդ օրը նա եկել էր Կարմենին տեսներ։ Պապան էդ օրը բոքսում էր, տնօրենը ինձ տեսավ, ասաց՝ ինչ խնդիր լինի, ձեր կողքին եմ։ Դրանից հետո ոչ մի օգնություն և այց չի եղել»։

Նշենք, նաև, որ վրաերթից հետո օրեր շարունակ հիվանդանոցում պառկած Կարմենին ընկերության ներկայացուցիչները չէին այցելել․ «Շատ վիրավորված եմ․ ոնց որ արհամարհեն իրենց աշխատողին։ 2 տարի նվիրված աշխատես, առանց հանգստյան օրերի ու․․․»։ Միայն օրեր անց մամուլի հրապարակումից հետո, Աբգարյանին այցելել են, սակայն հետագայում ոչ մի օգնություն չեն ցուցաբերել։

Վերջերս Epress.am-ի հետ զրույցում Ռուզաննա Աճեմյանը նաև պատմել էր, որ ինքը նույնպես աշխատել է «Սանիթեք»-ում և ամիսներ առաջ իրեն աշխատանքից ազատել են և ընկերության «սև ցուցակ»-ում ընդգրկել, քանի որ իր աշխատանքային ժամերից հետո ուրիշ տեղում է աշխատել։

«Մի շաբաթ էր մտել էի շուկան, աշխատում էի, եկան, շուկայից մեզ վերցրին․․․ Մի հանցագործություն էի արել, մի հատ էլ նկարում էին հեռախոսով, եսիմ ինչ էին ասում, 500 դոլար էին տալիս, որ վերցնեմ, ասեմ հա էդ 500 դոլարը ստացա, մի տեղ կաշխատեմ․․․ Մեզ բերեցին, քցեցին մի սենյակ, դուռը բանալիով մեզ վրա փակեցին ժամերով, մի հատ էլ եկավ մի անմակարդակ ձևվով մեզ․․․ մի խոսքով աշխատանքից ազատեցին, 15 օրվա աշխատավարձը կտրեց, ասաց երկու ամսից կգաք, կաշխատեք, էլի ձեն չհանեցինք, ստորագրեցինք», — պատմել էր Ռուզաննան։

«Նման քայլի համար կա հստակ պատճառ, որը հետևյալն է․ մի խումբ աշխատակիցներ՝ այդ թվում նաև Վոլոդյա Աճեմյանի դուստրը, իրենց աշխատանքային ժամին, Սանիթեք ընկերության արտահագուստով, գործիքներով հանդերձ փակ շուկայի տարածքից նստել են այլ գազել (ոչ Սանիթեք ընկերության) և գնացել Մասիս քաղաք, որտեղ էլ սանմաքրման աշխատանքներ են իրականցրել։ Բնականաբար, Սանիթեք ընկերությունը, որը վճարում է իր աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտավորությունները պատշաճ կատարելու դիմաց, այս մասին տեղեկանալով՝ նմանատիպ մոտեցում ցուցաբերած բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատել է՝ այդ քայլի համար ունենալով բոլոր հիմքերը։

Ինչ վերաբերում է ընկերության աշխատակիցների՝ 2-րդ աշխատանք ունենալուն, ապա ընկերությունը որևէ իրավասություն չունի դեմ լինել կամ արգելել իր աշխատակիցներին աշխատելու նաև այլ կառույցներում։ Ավելին, բազմաթիվ աշխատակիցներ կան, ովքեր զուգահեռաբար նաև այլ զբաղվածություն ունեն։ Ձեր կողմից նշված սև ցուցակում հայտնվում են ոչ թե 2-րդ աշխատանք ունեցող աշխատակիցները, այլ նրանք, ովքեր փորձել են խաբել Սանիթեք ընկերությանը, խուսափել աշխատանքից և անպատասխանատու պահվածք դրսևորել՝ վնաս հասցնելով թե՛ սանմաքրման և աղբահանության աշխատանքների ընթացքին, թե՛ ընկերության հեղինակությանը», -իր պատասխանում նշել է ընկերությունը։

Ռուզաննան սակայն պնդում է, որ իրենց աշխատանքային ժամին «Սանիթեք» ընկերության արտահագուստով և գործիքներով չեն գնացել 2-րդ աշխատանքի վայրը։ Կնոջ խոսքով՝ երբ շուկայում աշխատելու ժամանակ «Սանիթեք»-ի ներկայացուցիչները տեսել են իրենց, նաև նկարահանումներ են արել։ Հենց այդ նկարներն էլ, Ռուզաննայի խոսքով, կարող են ապացուցել, որ իրենք «Սանիթեք»-ի արտահագուստով չեն եղել։