Home / Հայաստան / Սարի թաղի գործով որպես վկա անցնող ոստիկանն իրարամերժ ցուցմունքներ է տվել

Սարի թաղի գործով որպես վկա անցնող ոստիկանն իրարամերժ ցուցմունքներ է տվել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Սարի թաղում անցած տարվա հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի քննությունը։ Հարցաքննվել են երկու ոստիկաններ։

Epress.am-ի հետ զրույցում ամբաստանյալներից մեկի՝ Էդուարդ Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշել է, որ նիստին այսօր հարցաքննված ոստիկանն իրարամերժ ցուցմունքներ է տվել։

Նրա խոսքով՝ ոստիկաններից մեկի՝ Ֆելիքս Կարապետյանի ցուցմունքերից ակնհայտ էր, որ նա դեպքի վայրում չի եղել․ «Միայն, որ ինքը նշում ա, թե Որմնադիրների փողոցից գալուց տեսանք, որ քարեր են նետում, իրար են հարվածում, փաստ է, որ իր ցուցմուքնը չի կարող արժանահավատ լինել, որովհետև իր նշած փողոցն այնքան ցածր է, որ այնտեղից դեպքի վայրը չի երևում։ Ես էլ միջնորդություն ներկայացրեցի, որպեսզի տեղատեսություն կատարվի ոստիկանների ասածների միջև առկա հակասություններում համոզվելու համար, բայց միջնորդությունը հետաձգվեց մինչև վկաների հարցաքննությունների ավարտը»։

Դատական նիստի ընթացքում հարցաքննված երկրորդ ոստիկանը նշել է, որ դեպքի վայրում տեսել է, թե քարեր նետողներ են եղել, բայց չի տեսել, թե կոնկրետ ովքեր են եղել։ Նա նաև նշել է, որ ոստիկանները ինքնաձիգներով են եղել և տեղում կրակոցներ էլ են եղել, բայց չի տեսել դեպք, որ քաղաքացին ոստիկանին ձեռքով կամ ոտքով հարվածած լինի։

Երկու ոստիկանների հարցաքննությունից հետո նիստը հետաձգվել է մինչև հունիսի 9-ը։

Նշենք, որ Սարի Թաղի 9 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարի Թաղի 9 բնակչի սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։