Home / Ազգային ժողով / Ընտրատեղամասում զինվորականներին վերահսկած անձին քննությունը «չի հայտանաբերել»․ ՀՔԱՎ

Ընտրատեղամասում զինվորականներին վերահսկած անձին քննությունը «չի հայտանաբերել»․ ՀՔԱՎ

Ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության ընթացքում Գեղարքունիքի մարզի թիվ 20/53 տեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն արձանագրել էր, որ անհայտ անձը մի խումբ զինծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ և շարունակել գտնվել քվեարկության սենյակում, ապա տեղամասի շրջակայքում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել, սակայն բողոքը մերժվել է՝ անձի ինքնությունը ճշտել չկարողանալու պատճառաբանությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱՎ֊ը։

Քվեարկության ժամանակ դիտորդը պահանջել էր միջադեպն արձանագրել տեղամասի գրանցամատյանում, ապա ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս հրավիրել վերոնշյալ անձին: Դիտորդի փոխանցմամբ՝ վերջինս և նրանից հետո տեղամաս այցելած մեկ այլ անձ գրառումներ են արել իրենց մոտ և բարձրաձայն անվանակոչել զինծառայողներին:

Նույն օրը «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: Սակայն քննիչ Գ․Ավետիսյանի կողմից ապրիլի 11-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

«Որոշմամբ նշվել է, թե զինծառայողների և նրանց ուղեկցած հրամանատարական կազմի կողմից ընտրական իրավունքի իրականացման, ընտրողների ազատ կամարտահայտման, հանձնաժողովի աշխատանքի խոչընդոտման կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն եղել», – գրում է ՀՔԱՎ-ը։

Այնուամենայնիվ, ընդգծում է իրավապաշտպան կազմակերպությունը, որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ հարցաքննված անձինք, որոնք գտնվել են տեղամասում, չեն ժխտել, որ զինվորական համազգեստով անձը տևական ժամանակ գտնվել է քվեասենյակում, նստել տեղամասային հանձնաժողովի անդամների կողքին, որի իրավունքը չի ունեցել: Դրա մասին վկայում են նաև հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացված լուսանկարները, որոնցում պարզ երևում է զինծառայողներին ուղեկցած անձը:

«Այդուհանդերձ, քննիչը, շրջանցելով այդ հանգամանքը, համարել է, որ որևէ իրավունք չի խախտվել և քրեորեն հետապնդելի արարք չի կատարվել», – նշում է կազմակերպությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցաքննություններով չի հերքվել հանցագործության դեպքի առկայությունը, իսկ գործի բոլոր հանգամանքները հնարավոր է պարզել միայն քրեական գործ հարուցելու և պատշաճ քննություն իրականացնելու միջոցով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այդ հարցով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն:

Զինվորական դատախազությունից նշել են, որ ընտրատեղամաս եկած անձանց տվյալները ճշտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել, անձի ինքնությունը ճշտել չի հաջողվել:

«Եվ սրանով «հիմնավորել» է, որ վարույթն իրականցնող մարմնի կողմից դրսևորվել է բավարար ջանասիրություն՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար: Ապա պնդել, որ հանձնաժողովի աշխատանքի, ընտրողների կամարտահայտման կամ քվեարկության գաղտնիության խոչընդոտման հանգամանքը բացատարություններով չի հաստատվել և այս հիմնավորմամբ մերժել բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը», -գրում է ՀՔԱՎ-ը՝ ընդգծելով, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը կբողոքարկվի նաև դատական կարգով: