Home / Դատարան / Տուժողը պահանջում է, որ իրեն փոխհատուցի ոչ թե պետությունը, այլ Գագիկ Խաչատրյանը

Տուժողը պահանջում է, որ իրեն փոխհատուցի ոչ թե պետությունը, այլ Գագիկ Խաչատրյանը

Պետեկամուտների կոմիտեի դեմ բողոքով Եվրոպական դատարանում հաղթած, աշխատանքային իրավունքների խախտման զոհ դարձած հարկային տեսուչ Ռոբերտ Նիկողոսյանը ստացել է իրեն հասանելիք դրամական փոխհատուցումը, սակայն նա շարունակում է պայքարել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին անձամբ պատասխանատվության ենթարկելու համար։ Նիկողոսյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է՝ թեև Եվրոպական դատարան դիմելուց հետո պետությունը սկսեց իրեն վճարել՝ աշխատանիքից ապօրինի ազատելու և հարկադիր պարապուրդի մատնելու համար և այդ գումարը բարոյական վնասի փոխհատուցման հետ միասին կազմում է մոտ 8 միլիոն դրամ, սակայն իրեն՝ որպես մտահոգ քաղաքացու, անհանգստացնում է, որ գումարները իրեն տրվում են ՀՀ պետական բյուջեից, այլ ոչ թե Գագիկ Խաչատրյանի գրպանից։

«Ես հեռացվել եմ աշխատանքից անօրինական կերպով, Գագիկ Խաչատրյանի անօրեն որոշմամբ։ Ինչո՞ւ պետք է պետբյուջեն ինձ վճարի դրա համար։ Ես չեմ աշխատել և ստացել եմ գումար։ Ինչո՞ւ պետք է հարկատուները վճարեն այս անարդարության համար։ Պետությանը տրվել է վնաս, և պետք է հետադարձ պահանջով այդ գումարները գանձվեն Գագիկ Խաչատրյանից»,֊ ասել է նա։

Այս հարցով տուժող Նիկողոսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, և իր բողոքին տրվել է ընթացք․ Ֆինանսների նախարարությունը դիմել է ՊԵԿ՝ ծառայողական քննություն իրականացնելու և խախտումներ իրականացրած անձանց պարզելու համար։ Մի քանի ամիս ծառայողական քննությունից հետո«մեղավոր անձինք» չեն հայտնաբերվել։ Ծառայողական քննության արդյունքները, Նիկողոսյանի խոսքով, գաղտնի են պահվում։

«Երբ մի հարկատու իր պարտականությունը չի կատարում, ամբողջ իշխանական լրատվամիջոցները գրում են՝ պետությանը վնաս է տվել։ Բա սա ինչո՞ւ չեք հրապարակում»,֊ ասել է նա։

Նիկողոսյանը կարծում է, որ իր գործով մեղավորը ակնհայտ է։ Նա պնդում է, որ Քննչական կոմիտեն և Հատուկ քննչական ծառայությունը չեն հանդգնում քրեական գործ հարուցել՝ «ամենակարող» Գագիկ Խաչատրյանի դեմ։

Ինչո՞ւ է Խաչատրյանն իրեն 2009 թվականին ազատել աշխատանքից․ Նիկողոսյանի խոսքով՝ դա պայմանավորված է ինչ֊որ պաշտոնյայի ծանոթ֊բարեկամին գործի ընդունելու ցանկությամբ։