Գլխավոր / Դատարան / Դատավորները նեղացել են Զարուհի Փոստանջյանից և հեռացել նիստից

Դատավորները նեղացել են Զարուհի Փոստանջյանից և հեռացել նիստից

Վարչական դատարանի դատավորների կազմը ընդհատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ «Երկիր Ծիրանի» կուսակցության բողոքի դատավարությունը՝ պատճառաբանելով, որ հայցվորը «անհարգալից է վերաբերվում դատարանին»։ Դատավորները հեռացել են դահլիճից, իսկ կարգադրիչները եկել և տեղեկացրել են ներկաներին, որ դատը չի շարունակվի մինչև դատարանից դժգոհող քաղաքացիները չհեռանան։

Վիճաբանությունը սկսվել է նիստի հենց սկզբում, երբ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը սկսել էր կարդալ իր բացման խոսքը։

«Բեռլինյան պատի անկումից հետո բոլոր այն երկրներում, որտեղ հաստատվել է ավտորիտար կառավարում, դա տեղի է ունեցել երբ ինչ֊որ մեկը Կոմկուսից, ԿԳԲ-ից, կամ հատուկ ծառայություններից, դարձել է պետության ղեկավար, որը իրեն բարեփոխիչ է անվանել։ «Ինչո՞ւ են պետությունները ձախողվում» հանրահայտ աշխատության հիմնական թեզը ամրագրում է հետևյալը․ պետությունների զարգացման համար ավելի կարևոր են ոչ թե աշխարհագրական դիրքը, կլիմայական և այլ գործոնները, այլ նախ և առաջ քաղաքական ինստիտուտները։ Հաջողվել են այն ազգերը, որոնք կառուցել են ներառական քաղաքական ինստուտներ, և, հակառակը, ձախողվել են նրանք, որտեղ ինստիտուտները քամող են։ 25 տարի է՝ Հայաստանում գործել են քամող, կեղեքող ինստիտուտներ․․25 տարի է չենք կարողանում կայացնել ընտրական համակարգը, քանի որ դատական համակարգը սպասարկում է գործադիր իշխանությանը, մի գործառույթ է իրականացնում, որը հավասար է նոտարական գործառույթի։ Այսինքն` Բաղրամյան 26֊ից իջեցվող դատական վճիռների նախագծերը ․․․ », ֊ ասել է Զարուհի Փոստանջյանը։

Դատավորական կազմից Կարեն Զարիկյանը մուրճի հարվածներով ընդհատել է ելույթը՝ պատճառաբանելով՝ «Դուք անհարգալից վերաբերմունք եք դրսևորում դատարանի հանդեպ»։

«Դուք իրավունք չունեք ինձ ընդհատել, խնդրում եմ Բաղրամյան 26-ի հրամանները մի՛ կատարեք»,֊ հակադարձել է Զարուհի Փոստանջյանը։

Վերջինիս աջակիցները ևս սկսել են բողոքել դատարանի վերաբերմունքի դեմ։

Դատավարական կազմը հեռացել է, որից հետո հեռացել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ ասելով՝ «Տիկի՛ն, հարգալից եղեք»։

Նշենք, որ «Երկիր Ծիրանին» դիմել է Վարչական դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ, քանի որ վերջինս հրաժարվել է քննել ընտրախախտումների դեպքերը՝ մայիսի 14֊ին Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունների հետ կապված։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն արձանագրել էր, որ Ոստիկանության աշխատակիցները Հանրապետական կուսակցության հետ համատեղ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն (ընտրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում և գողություն, մարդկանց կաշառելու և նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ):