Home / Ոստիկանություն / Մաքսակետի պետը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով

Մաքսակետի պետը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով

Կաշառք տալու և վերցնելու գործով երեկ ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և «Բավրա» մաքսակետի պետը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Ոստիկանները, ինչպես ասված է դատախազության հաղորդագրության մեջ, տվյալներ են ստացել այն մասին, որ պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնատար անձինք բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ մի շարք կազմակերպությունների տնօրեններից և աշխատակիցներից, ինչպես նաև ֆիզիկական անձանցից կաշառք են ստացել։

Դրա դիմաց պաշտոնյաները պարտավորվել են ապրանքները օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծել, ապահովել ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարումը։

Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ (Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի) գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը Գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Ձերբակալվածների անունները չեն նշվում։