Home / Հայաստան / Ով օգտվեց ադրբեջանական խնձորի աղմուկից

Ով օգտվեց ադրբեջանական խնձորի աղմուկից

Մոտ մեկ ամիս առաջ մաքսային մարմիններն արգելել են Վրաստանից  լոլիկի, վարունգի և խնձորի ներկրումը Հայաստան։ Այս որոշումը հայ֊վրացական սահմանի մաքսային աշխատակիցները տարբեր կերպ են բացատրում։ Լրագրողներին ասում են, որ պատճառը 2015 թվականին ընդունված Կառավարության թիվ 865 որոշումն է, որով բանջարեղեն ներկրող անհատները պարտավոր են 50 կիլոգրամից ավել ներկրելու դեպքում մաքսատուրք վճարել։ Մանրածախ ներկրողներին, սակայն, ասում են, որ այդ միրգ֊բանջարեղենը Հայաստան բերել ընդհանրապես չի կարելի, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել։ Մաքսայիններն ասում են, որ այսքան զգուշավոր են, քանի որ վերջերս հայտնաբերվել է Ադրբեջանից խնձոր ներկրելու դեպք։

Epress.am֊ի լրագրողը սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ զրույցներում պարզեց, որ արգելքից միայն Բագրատաշենի և Այրումի շուկաները չեն տուժել։ Միջպետական ճանապարհին գտնվող խանութների, ինչպես նաև Նոյեմբերյանի և Իջևանի շուկաների առևտրականները ասում են, որ այս արգելքը ոչ թե հայրենական արտադրանքը խրախուսելու, կամ հայերին  արդբեջանական խնձորից պաշտպանելու համար է արվում, այլ ունի տեղական օլիգարխների արտադրանքը վաճառել պարտադրելու նպատակ։ Ըստ նրանց՝ կասկածելի է, որ ադրբեջանական խնձորի թեման հանկարծակի դարձավ ամենաքննարկվող ազգային անվտանգության հարցը և հանգեցրեց նաև լոլիկի և վարունգի ներկրման արգելքի։

«Հենց հիմա սկսվում է լոլիկի ու վարունգի սեզոնը, մենք լոլիկ Վրաստանից բերում էինք 700 դրամով, վարունգ՝ 80 դրամով։ Հիմա մեզ պարտադրում են գնել Արարատյան դաշտի ապրանքը։ Արարատի լոլիկը մենք գնում ենք 1200 դրամով, ստիպված ենք վաճառել գոնե 1300֊ով, վարունգը 200-250 դրամով։ Եթե իմանայինք, որ օգնում ենք տեղական արտադրողին, էլի ոչինչ։ Բայց ո՞վ ունի Արարատի մարզում այդքան մեծ քանակությամբ արտադրանք։ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Ալիկ Սարգսյանը», ֊ ասել է  մեր զրուցակիցներից մեկը։

Նա մատնանշել է Արարատի մարզի Կանաչուտ գյուղում գտնվող ջերմոցները, որ պատկանում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին,  Արտաշատ֊Արարատ մայրուղու հարևանությամբ գտնվող ջերմոցները, որոնք, պատկանում են «Սպայկա» ընկերությանը, որը վերագրում են նախկին նախագահ Քոչարյանի կամ երկրի այժմյա ղեկավար Սարգսյանի ընտանիքին, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջերմոցները, որ գտնվում են Մխչյան և Ծաղկաշեն գյուղերի հարևանությամբ։ Այս բոլոր ջերմոցային տնտեսություններն աճեցնում են լոլիկ ու վարունգ։

Մեկ այլ նոյեմբերյանցի վերավաճառող նշում է, որ իր գործընկերները վախենում են խոսել այս արգելքից,  քանի որ որոշ բողոքող մարդկանց բերքը բռնագրավել են։ «Մի քանիսի բերքը վերցրել են, արդեն բողոքի ակցիաներ չեն լինի։ Որոշ մարդիկ համոզվել են, որ սա պետական որոշում է՝ տեղացի արտադրողի բերքը պաշպանելու համար։ Բայց տեղականն էլ չեն վերավաճառում․ աղքատ շրջաններ է, այստեղ ոչ ոք 1500 դրամով լոլիկ չի գնի»։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նման արհեստական սահմանափակումների նոյեմբերյանցիների վարկածը տրամաբանական է համարում։ «Այդ մեզ հայտնի խոշոր ջերմոցատերերը հիմա իրացման խնդրի առջև են կանգնած։ Երկրի բնակչությունը քչացել է, մարդկանց եկամուտները ևս, իսկ ռուսական սահմանին հայկական լոլիկը հետ են տվել։ Այլևս չեն հավատում, որ դա հայկական լոլիկ է, քանի որ  հայկականի տակ մեծ քանակությամբ թուրքական բերք է ուղարկվում Ռուսաստան։ Թուրքիայից բերում են Բագրատաշեն, մի մեքենայից մյուսը տեղափոխում, այդ բերքը սկի Հայաստան չի մտնում, այլ ուղիղ ուղարկվում Ռուսաստան։ Լոլիկի, խաղողի, խնձորի մասով Հայաստանը արտահանման ռեկորդներ է սահմանել։ Դեպի Ռուսաստան արտահանվել է 32.000 տոննա լոլիկ, երբ լոլիկի բերք չկա Հայաստանում, մի բան էլ ներմուծվում է։ Խաղողի 36.000 տոննա է իբր արտահանվել։ Ռուսները արդեն կասկածում են»։

Տնտեսագետի խոսքով՝ նման բաները չեն կարող արվել առանց Մաքսային մարմինների իմացության։ «Ինչպես ասում են հավքն իր թևով, օձն իր պորտով չի կարող Հայաստան բան բերել առանց Մաքսայինի համաձայնության», ֊ ասել է Վահագն Խաչատրյանը։

Ջերմոցային տնտեսություններում վերջին տարիներին նկատվում է խոշորացում․ գյուղացին օլիգարխիկ բիզնեսմենին վաճառում է իր հողը, որի վրա կառուցվում է ջերմոց, որտեղ գյուղացին աշխատում է օրավարձով  բանվոր։ «Երբ 90֊ականներին արվեց հողի սեփականաշնորհում, նկատակն այն էր, որ լինեն ոչ թե աշխատողներ, այլ ֆերմերներ։ Ֆերմերը, որը ունի իր սեփական հողը, բիզնեսը, ավելի շահագրգիռ է, գործարար մտածելակերպ է  զարգացնում։ Մարդը, որ կպած է իր հողին, չի արտագաղթում», ֊ նշել է Խաչատրյանը։