Գլխավոր / Ազգային ժողով / Կառավարությունը մոռացել է՝ ինչով էր արդարացնում քննիչների ու դատախազների բարձր թոշակները

Կառավարությունը մոռացել է՝ ինչով էր արդարացնում քննիչների ու դատախազների բարձր թոշակները

ՀՀ Կառավարությունն առաջարկում է այսուհետ բոլոր 20 տարի ստաժ ունեցող քննիչներին ու դատախազներին վճարել բարձր կենսաթոշակ։ Գործադիրն առաջարկը բերել էր ԱԺ՝ արտահերթ նիստում արագացված ռեժիմով քննարկման։

Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ գործող 2014 թվականին ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը պարտադրում է․ եթե դատախազն ու քննիչը ցանկանում են օգտվել իրենց մասնագիտական, միջինից անհամեմատ բարձր կենսաթոշակից, ապա մինչև 2017թ. հուլիսի 1-ը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրեն։ Կառավարությունը առաջարկում է վերացնել այս սահմանափակումը, քանի որ, ըստ փոխնախարարի, դրա պատճառով «բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված քննիչներ ու դատախազներ» լքում են համակարգը և բարձր թոշակ ստանալու համար անցնում թոշակի։

«Իհարկե, բարձր թոշակը անհրաշեշտություն է, բայց ես կխոսեի սոցիալական ապահովության կայունության մասին, որն անհրաժեշտ է․․․ հատկապես պետական ծառայողին», — փոփոխությունները պաշտպանել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնյաներին հիշեցրել է, որ 2007 թվականին քննիչների, դատախազների, դատավորների թոշակները բարձրացվում էր այն նպատակով, որ պաշտոնյաները շահագրգռված չլինեն կաշառքներ վերցնել և զերծ մնան կոռուպցիայից, մինչդեռ, ըստ պատգամավորի, դատական համակարգը շարունակում է մնալ խիստ կոռումպացված։

«Նպատակը մեկն է եղել․ դատական համակարգում կոռուպցիայի նվազեցումը։ առանց վիճակագրության էլ պարզ է, որ դատական համակարգում կոռուպցիայի մակարդակը շարունակում է մնալ ողբերգական։ Մարդիկ վախենում են դիմել դատարան։ Սա հստակ չափորոշիչ է, որովհետև գիտեն, որ մեղավորը կհայտնվի ազատության մեջ, անմեղը՝ վանդակում։ Մինչ 600-700 հազար կենսաթոշակ են ստանում, ես կցանկանայի որ դուք ներկայացնեիք վիճակագրություն՝ կոռուպցիան ինչքանո՞վ է նվազել, հաշվի առնելով, որ Եվրոպական միությունը էս համակարգում կոռուպցիան նվազեցնելու համար հսկայական ներդրումներ է արել»,֊ ասել է պատգամավորը։

Փոխնախարարը հերքել է, որ նշված կենսաթոշակային նպաստի բարձրացումները արվել են կոռուպցիայի դեմ պայքարի համար․«Մենք այստեղ սոցիալական հարց ենք բարձրացնում», — ասել է նա։