Գլխավոր / Ազգային ժողով / ՀՀԿ պատգամավորները չէին նկատում ԱԺ մուտքի մոտ կանգնած սևազգեստ մայրերին

ՀՀԿ պատգամավորները չէին նկատում ԱԺ մուտքի մոտ կանգնած սևազգեստ մայրերին

Մայիսի 30-ին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների ծնողները նորընտիր Ազգային Ժողովի պատգամավորներին հիշեցնում էին իրենց որդիների դատական գործերի մասին, որոնք մինչև այժմ չեն բացահայտվել:

Դեմիրճյան փողոցի մուտքից խորհրդարանի շենք մտնող ՀՀԿ֊ական պատգամավորները հիմնականում փորձում էին աննկատ անցնել և չէին բարևում որդիների նկարները ձեռքներին կանգնած մայրերին։

«Էս պատգամավորներն էլ պետք ա հասկանան, ի վերջո, որ էս հարցը չի կարա քնի: Մենք չենք թողնի, որ իրանք հանգիստ վայելեն իրանց աթոռները: Իրանք պարտավոր են բանակի սպանությունները բացահայտեն: Եթե էդ աթոռներին նստած են, ուրեմն էս ամեն ինչը իրանց էլ ա վերաբերվում: Պետք է հանցագործներին պատժեն, որ բանակի սպանդը կանգնի վերջապես», — Epress․am-ի հետ զրույցում ասել է 2010 թվականին մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

2007֊ին մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը նշել է, որ նորակազմ Ազգային Ժողովում առաջին հերթին ընդդիմադիր ներկայացող պատգամավորներին են պահանջներ ուղղելու։

«Ես ոչ մի բան չեմ սպասում հանրապետականներից: Նրանց մասին էլ խոսք չկա. նրանք հանցագործ դավաճան մարդասպաններ են: Մենք սկսելու ենք ընդդիմադիր պատգամավորներից, որը ներկայանում ա Նիկոլ Փաշինյանը իր դաշինքի պատգամավորների հետ: Իրանցից ենք սկսելու որպես նոր պատգամավորներ խորհրդարանում, տեսնենք՝ ինչ են անելու: Ի՞նչ են անելու այն հարցով, որ պատգամավորների էրեխեքի անունը գրվում է՝ թե ծառայում են, բայց տանը նստած են, կամ պատգամավորների էրեխեքը, որոնք սահմանում չեն ծառայում: Ես արդեն մեկ տարի է պահանջում եմ, որ ինձ ցույց տան մի օլիգարխի կամ պատգամավորի էրեխու, որ ապրիլյան պատերազմին մասնակցել ա, բայց չեն կարողանում ցույց տան », — ասել է Գոհար Սարգսյանը:

Զոհված զինվորների ծնողներն ընդգծում են, որ արդեն 10 տարի է անցել իրենց որդիների սպանությունից և այդ ընթացքում 3 դատախազ է փոխվել, սակայն գործերի շրջանակներում ոչինչ չի արվել:

«Մենք այստեղ միշտ կանգնելու ենք։ Եթե չենք կարողանալու հասնենք նրան, որ մեր երեխաներին սպանողները պատժվեն, ուրեմն մենք էս հինգ ծնողով իրանց ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք անելու»,- ասել է Գոհար Սարգսյանը: