Գլխավոր / Դատարան / Սարի Թաղի գործով անցնողների հարազատները նստացույց են սկսել Կառավարության դիմաց

Սարի Թաղի գործով անցնողների հարազատները նստացույց են սկսել Կառավարության դիմաց

2016 թվականին Սարի Թաղի գործով ձերբակալված 10 բնակիչների հարազատներն այսօրվանից նստացույց են սկսել ՀՀ Կառավարության շենքի դիմաց: Վերջիններս նշում են, որ շուտով կլրանա իրենց հարազատներին կալանավորելու մեկ տարին, սակայն մինչև հիմա նրանց ձերբակալելու համար ոչ մի հիմնավոր ապացույց չի ներկայացվել:

Ձերբակալվածներից Էդվարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց հարազատները քաղաքական հետապնդման են ենթարկվում և ձերբակալվել էին իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնելու համար:

Նրա խոսքով՝ իրենք դատախազության մոտ անցկացվող նստացույցն այսօրվանից տեղափոխել են Կառավարության դիմաց, քանի որ այդ կառույցից այլևս ոչ մի ակնկալիք չունեն, և Դատախազությունը հստակ ցույց է տվել իր կողմնորոշումը գործի վերաբերյալ:

«Դատախազությունում մեզ հստակ ասացին, որ չի փոխվելու իրանց հոդվածները և մեղադրանքները հիմնավորված են: Մենք արդեն հիասթափվել ենք բոլորից: Առանձնապես սպասելիքներ չունենք ոչ մի տեղից, այդ թվում նաևԿառավարությունից, բայց բոլոր ճանապարհները փորձելու ենք, որ մեր տղաները ազատ արձակվեն։

Գործով անցկացվող դատական նիստերն ամբողջությամբ ծաղրանք են: Վկա ոստիկանները գալիս են իրար հակասող ցուցմունքներ են տալիս, ամբաստանյալներին անգամ չեն ճանաչում, իրենք փոխհատուցում չեն ուզում, քանի որ չեն ճանաչում, թե ով ա հարվածել, բայց մեր տղաներին պահում են փակի տակ: Ընդհանրապես մեր երկրում պայքարող մարդը տեղ չունի: Այսօր Հայաստանում բոլոր պայքարող մարդիկ ձերբակալված են»,- ասել է Բեռնեցյանը:

Բողոքողները վստահեցնում են, որ եթե անգամ Կառավարությունից իրենց խնդրին լուծում չտան, իրենք շարունակելու են պայքարը և նստացույցերն անցկացնելու են են մյուս պետական կառույցների մոտ:

Նշենք, որ Սարի Թաղի 10 բնակիչները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Ոստիկանների հետ բախման արդյունքում ձերբակալեցին 10 սարիթաղցիներ, որոնց մեղադրանք առաջադրվեց 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։