Home / Ազգային ժողով / ՀՀ ռադիոընկերությունների հարկերը կավելացվեն՝ «ազգային անվտանգության» համար

ՀՀ ռադիոընկերությունների հարկերը կավելացվեն՝ «ազգային անվտանգության» համար

Կառավարությունը նոր օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է մրցույթ անցկացնել նաև ռադիոհեռարձակողների լիցենզավորման համար և սահմանել լիցենզավորվող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը:

Սրան զուգահեռ 2-3 անգամ ավելացվում է ռադիոընկերությունների կողմից վճարվող պետական տուրքերը։ Մասնավորապես, Երևանում և այլ մարզերում հեռարձակման համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 500-ապատիկի չափով` ներկայումս 150-ապատիկի փոխարեն, միայն Երևանում՝ 200- ապատիկի չափով գործող 100-ապատիկի փոխարեն, Երևանը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար սահմանված բազային տուրքի 5-ապատիկի չափով՝ 50-ապատիկի փոխարեն, և մեկ մարզի տարածքում հեռարձակման համար բազային տուրքի 50-ապատիկի չափով՝ 25-ապատիկի փոխարեն։

Այս հարկերի բարձրացման համար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կարծիքով, Կառավարությունը հիմնավորումներ ներկայացնելու փորձ նույնիսկ չի արել՝ նշելով միայն, որ դա «ավելի արդարացված հարկային բեռ» կլինի։

Թանդիլյանը հարցի՝ ԱԺ֊ում արագացված կարգով քննարկման ժամանակ ասել է, որ մարզային հեռուստառադիոընկերությունները շատ քիչ ֆինանսական ռեսուրսներ ունեն։ «Ասում եք՝ էնքան էլ բարձր չի, դուք խոսե՞լ եք մարզային հեռարձակողների հետ։ Նրանց համար յուրաքանչյուր դրամ բարձրացումը՝ էնքան էլ բարձր ա, բավականին բարձր է», ֊ ասել է Թանդիլյանը։

«Ելք» խմբակցության պատգհամավոր Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ գործադիրը նաև չի հիմնավորում՝ ինչ տրամաբանությամբ է սահմանել ռադիոների թեմատիկ ուղղվածությունները։ Իսկ ֆինանսական բեռ ստեղծվելու է ոչ միայն ռադիոընկերությունների համար, այլև ռադիոլսողների, ովքեր ստիպված են լինելու թվային հեռահաղորդակցման սարքեր գնել։

«Ընդհանրապես չենք բարձրացնում տեղեկատվության ազատության պաշտպանության հարցը։ Ինչո՞ւ մինչև հիմա մրցույթ չի անցկացվել, որ այդ հեռուստաալիքները տրամադրվեն ազատ անկախ հեռարձակողներին, որպեսզի մարդիկ իրացնեն իրենց տեղեկատվության ազատության իրավունքը»,֊ ասել է «Ելք»֊ի պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

Պաշտպանելով Կառավարության նախագիծը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն ասել է, որ այս օրենքով խախտվելու են միայն Թուրքիայի և Ադրբեջանի ռադիոընկերությունների իրավունքները։ «Այո, լուրջ վտանգվում է թուրքական և ադրբեջանական մեդիաների տարածումը Հայաստանում, քննարկենք, որ հանկարծ շատ լուրջ չոտնահարենք իրենց իրավունքները»։

Այս ակնարկը զայրացրել է «Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Նա հիշեցրել է, որ տեղեկատվության ազատության հարցը բարձրաձայնելը տեղին է, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ փակվել է «A1+» հեռուստաալիքը։

«Չհամարձակվեք մյուս անգամ մեր հարցերին ի պատասխան հիշեցնել Թուրքաին և Ադրբեջանը, հակառակ դեպքում ամեն անգամ կհիշեցնենք ապրիլյան 4֊օրյա պատերազմը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը ձախողելու պատասխանատվությունը, ամեն անգամ կհիշեցնենք, որ էդ հարցը դեռ հետաքննված չի պատշաճ կերպով և պետք է քննվի՝ թե ովքեր ձախողեցին պաշտպանության կազմակերպումը և հարյուրավոր զոհեր տվեցին չորսօրյա պատերազմում։ Չփորձեք հայրենասիրական դրոշներ բարձրացնել՝ կոնտեքստից դուրս»,֊ ասել է նա։

«Հապշտապ կերպով հաճախականությունները դրվում են մրցույթի, և ներկայացվում է, որ նպատակն է մեր ազգային անվտանգության և տեղեկատվական ազատության ապահովումը։ Հարգելիներս, այս ամբողջ ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից խախտված է եղել Հայաստանի ռեզիդենտների խոսքի ազատության իրավունքը», – հայտարարել է Արտակ Զեյնալյանը։

Նա հիշեցրել է, որ ռադիոհաճախականությունները հանրային ռեսուրս են և դրանց միջոցով մարդիկ պետք է իրենց ոչ նյութական բարիքներն իրացնեն։

Այս օրինագիծը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, ազգային անվտանգության ինֆորմացիոն անվտանգության բաղադրիչներից է, քանի որ դրանով սահմանամերձ շրջանների բնակիչները «ճիշտ» ինֆորմացիա կստանան ոչ թե ադրբեջանական կամ թուրքական մեդիաներից, այլ հայկական ընկերություններից։