Գլխավոր / Առողջապահություն / «Եթե չեմ մահացել, ուրեմն դիրք չե՞մ պահել». զինվորը բուժում է պահանջում

«Եթե չեմ մահացել, ուրեմն դիրք չե՞մ պահել». զինվորը բուժում է պահանջում

Գյումրիի տնակներից մեկում բնակվող միայնակ մայր Ասլի Հասանյանը պատրաստվում է վաճառել տնակը՝ բանակից հաշմանդամությամբ վերադարձած 20-ամյա որդուն բուժելու համար։ Բուժման ծախսերը հոգալու խնդրանքով Պաշտպանության նախարարություն և Կառավարություն ուղղված դիմումները անպատասխան են մնում հունվարից, երբ Արթուր Հասանյանի մոտ ախտորոշվել է սպինալ ամիոտրոֆիա՝ գեմիատրոֆիկ տիպ, և նա, 23 ամիս ծառայելուց հետո, զորացրվել է՝ զինծառայությանը ոչ պիտանի լինելու հիմքով։

Մայիսի 30-ին եզդի ընտանիքը նամակներ է բերել վարչապետին և Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որոնցով տեղեկացնում է, որ որդուն չբուժելու դեպքում մայրը 4 երեխաների հետ միասին կհրաժարվի ՀՀ քաղաքացիությունից և ապաստան կխնդրի միջազգային դեսպանատներից՝ որպես ազգային փորքրամասնություն։ Ինչպես Epress.am-ին հայտնել է Ասլի Հասանյանը՝ Արդարադատության նախարարությունում ասել են, որ իրենք զբաղվում են միայն դատարան մտած գործերով։

Կառավարությունում պատասխան չեն տվել։ «Ես վարչապետին տեսա, երբ նախընտրական քարոզարշվի ժամանակ եկել էր Գյումրի։ Թիկնապահները փորձեցին հետ պահել, բայց նա ասեց՝ թողեք տիկինը խոսի։ Շատ քաղաքավարի լսեց ինձ։ Բայց իմ նամակները ուղղեց Առողջապահության նախարարություն, որտեղ էլ ինձ ասեցին՝ ձեզ չենք կարող օգնել։ Բա սա պատասխա՞ն է, որ դուք ինձ տալիս եք։ Ես ձեզ առողջ որդի եմ տվել», ֊ ասում է Հասանյանը։

Մայրն ու որդին վիրավորված են, որ Պաշտպանության նախարարությունը, հանձինս խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, հերքում են, որ Արթուրը մասնակցել է ապրիլյան պատերազմին։

«Ես ինքնակամ եմ գնացել դիրքեր, երեք ամսվա ծառայող եմ եղել՝ գնացել եմ պոստեր։ Ես պոլկի երես համարյա չեմ տեսել։ Ապրիլի 4-ին իմ ուղղությամբ նռնակ է ընկել, ինձ հեռու է շպրտել։ Սկզբից ունեի մեջքի ցավեր, բայց խառը օրեր էին, ուշադրություն չէին դարձնում։ Ի՞նչ ա, որ չեմ մահացել, ուրեմն դիրք չե՞մ պահել։ Ես եղել եմ թուրքի դիրքերում, ոչ թե մեր», ֊ պատմում է Հասանյանը։

Արթուրը նպատակ ուներ բանակում մնալ, աշխատել․ «Ես 12 տարեկանից աշխատել եմ, շատ սնդիկ եմ։ Հիմա նեղվում եմ, որ չեմ կարող աշխատել։ Ես ծառայության ընթացքում երբեք չեմ բողոքել, հիմա էլ չեմ բողոքում։ Ուղղակի սաղին խորհուրդ կտամ, որ ոչ մի ձև չծառայեն, եթե այսպես պետք է վերաբերվեն ինձ ու իմ նման տղեքին»։

Ասլի Հասանյանի համար վիրավորական էր Առողջապահության նախարարության պատասխանն, ըստ որի՝ ընտանիքը գումարի համար է իրենց դիմել։

«Իրանք մենակ էն զինվորներին տեր կկանգնեն, ովքեր մահացել են: Մնացածները, թե բանակում ես հիվանդացել, կուրացել ես, ոտքդ են կտրել, կարևոր չէ: Բայց որ զինվորը մահացավ, իրենք իրանց շահի համար մեդալ են տալիս զինվորի մորը, տեսեք, թող երկրագունդը տեսնի: Ինձի պետք չէ էդ մեդալը: Ես իրանց առողջ զինվոր եմ տվել: Ես իրանցից ոչ մի բան չեմ պահանջում, թող առողջ զինվորին տան ինձ: Իրենց բյուջեն իրենց գլխին կպնի: Ես ձեզնից ողորմություն չեմ խնդրում: Իմ ժողովրդի գումարը տվեք, չէ՞ որ դուք ամեն աշխատակցից 1000 դրամ վերցնում եք», — ասել է մայրը: