Գլխավոր / Բանակ / Նախաքննությունը պարզել է՝ զինծառայողին մի շարք հիվանդություններով են զորակոչել

Նախաքննությունը պարզել է՝ զինծառայողին մի շարք հիվանդություններով են զորակոչել

Պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանը մահացել է սուր սիրտ-անոթային անբավարարությունից և թոքերի այտուցից, հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Ըստ նախաքննության արդյունքների՝ Մոսիյանը, ում մարմինը 2016թ․ մայիսի 29-ին հայտնաբերվել է Պաշտպանության Բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում, մինչև զորակոչվելը տառապել էր մի շարք հիվանդություններով։

2015 թվականի հուլիսի 25-ին Մոսիյանը Արտաշատից զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ սահմանափակումներով։ Փորձագետների հավաստմամբ՝ զինվորը տառապել է մի շարք հիվանդություններով, որոնք մահվան անմիջական պատճառի հետ ուղղակի պատճառական կապի մեջ չեն գտնվում:

«Դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Մոսիյանի մահը վրա է հասել սուր սիրտ-անոթային անբավարարությունից, թոքերի այտուցից, որը պայմանավորված է եղել առաջնային /իդիոպաթիկ/ գերաճական կարդիոմիոպաթիայով, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզով, էնդոկարդի ֆիբրոզով, սրտի ճարպակալումով, հեպատո-սպլենոմեգալիայով /լյարդի և փայծաղի մեծացում/, ներքին օրգանների միկրոցիրկուլյատոր-դիստրոֆիկ խանգարումներով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով», — նշված է հաղորդագրության մեջ։

Սուրեն Մոսիյանի առողջական խնդիրները զորակոչման ժամանակ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ժամանակին հայտնաբերելու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն։