Home / Դատարան / Հայաստանը 15 հազար եվրո կվճարի ոստիկանների կողմից սպանվածի մահվան հանգամանքները չբացահայտելու համար (թարմացված)

Հայաստանը 15 հազար եվրո կվճարի ոստիկանների կողմից սպանվածի մահվան հանգամանքները չբացահայտելու համար (թարմացված)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ ճանաչելով, որ պետությունը խախտել է Սեյրան Այվազյանի կյանքի իրավունքը՝ չբացահայտելով նրա մահվան հանգամանքները։ Դատարանի վճռով Հայաստանն Այվազյանի իրավահաջորդին՝ քրոջը, պետք է վճարի 15.000 եվրո։

2006 թվականի մարտի 6-ին սպանվածի քույր Սիլվարդ Այվազյանը միջազգային դատարան ուղարկած իր դիմումում պնդում էր, որ Լոռու Օձուն գյուղում բնակվող իր՝ շիզոֆրենիայով տառապող եղբորը՝ Սեյրանին, բերման ենթարկելու եկած Լոռու մարզի ոստիկանները սպանել են ոչ թե ինքնապաշտանվելով, ինչպես վերջիններս պնդում էին, այլ վրեժ լուծելով այն բանի համար, որ վերջինս մարմնական թեթև վնասվածք էր հասցրել իրենց գործընկեր ոստիկանին։ Ոստիկանները զինված են եղել տարբեր տեսակի զենքերով, նաև նռնակով, իսկ Սեյրան Այվազյանը միայն դանակով, ուստի նա չէր կարող որևէ ոստիկանի կյանքի համար վտանգ ներկայացնել։

«Դա ապացուցում է այն, որ ոտքից կրակելուց հետո ոստիկանները շարունակել են կրակել և որ նրա վրա արձակված 10 փամփուշտներից 6-ը կրակվել են մեջքի կողմից։ Ոստիկանները նաև տեղյակ են եղել, որ Սեյրանը հոգեկան հիվանդություն ունի և բազմիցս հոսպիտալացված է եղել, ուստի նրանք պետք է հրավիրեին հոգեբույժի՝ բերման ենթարկելու համար», – գրել է դիմողը։

Կինը բողոքել է հայաստանյան քննչական և դատական մարմիններից` նշելով, որ վերջիններս չեն հետաքննել մահը։ «Բոլոր իրականացված գործողությունները նպատակ են ունեցել հետաքննել այն, ինչ նա էր արել, ոչ թե նրա մահը։ Թեև Սեյրան Այվազյանին սպանած անձանց ինքնությունը հայտնի էր, նրանցից ոչ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, նրանք դատարանի առջև չեն կանգնել։ Ոստիկանները միակ վկաներն են եղել, և իշխանությունները պատշաճ միջոցներ չեն հանձնառել փաստերը բացահայտելու համար» – բողոքում նշել էր Սիլվարդ Այվազյանը։