Home / Կրթություն / Վանաձորցիները խնդրում են վերացնել գրադարանները փակելու մասին ավագանու որոշումը

Վանաձորցիները խնդրում են վերացնել գրադարանները փակելու մասին ավագանու որոշումը

Վանաձորցի ընթերցասերները և գրադարանավարներն անհանգստացած են քաղաքի մասսայական և մանկական գրադարանները փակելու քաղաքապետարանի որոշումից։ Գրադարաններն ընթերցողներին այլևս չեն գրանցում, քանի որ զբաղված են գրադարանների գրքերը կապելով․ դրանք պետք է տեղափոխվեն այլ վայրեր։ Քաղաքի 8 գրադարանների բոլոր աշխատակիցները ծանուցումներ են ստացել, որ դրանք գործելու են մինչև հունիսի 26֊ը։

Ինչպես Epress.am-ին հայտնել է Վանաձորի Տարոն թաղամասի գրադարանավարուհի Սուսաննա Ղազարյանը՝ Վանաձորի ավագանին նման որոշում կայացրել է ապրիլի 18-ին։ Քվեարկությանը մասնակցել են միայն ավագանու ՀՀԿ֊ական 13 անդամները․ նիստին ներկա 2 ՀՅԴ֊ականները ձեռնպահ են քվեարկել։

«Պատճառաբանում են, որ ծախսեր են խնայում։ Մեր գրադարանն ունի 2.5 հաստիք, մեկ հաստիքի աշխատավարձն է 54.000 դրամ։ Մենք պատրաստ ենք նաև թողնել երկու աշխատակից՝ մեկ դրույթով աշխատել, բայց պահպանել գրադարանը՝ մեր ընթերողների համար։ Մեր թաղամասը հեռու է կենտրոնից, մի գրքի համար քաղաք գնալ ընթերցողների համար նաև ֆինանսական ծախսեր կառաջացնի։ Մեր աղջիկները հիմա կապում են գրքեր, հատկացվել է տարածք դպրոցում, մինչև դա էլ կօպտիմալացվի․․», ֊ ասել է Սուսաննա Ղազարյանը։

Գրադարանները պահելու պահանջով բողոքներից հետո քաղաքապետարանը վանաձորցիներին պատասխանել է, որ մնալու է երկու գրադարան՝ մեկ մանկական և մեկ մասսայական։

Բողոքողները, սակայն, շարունակում են պայքարել գրադարանների համար․ Տարոն թաղամասից շուրջ 30 քաղաքացիները դիմում են ուղարկել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որում ասված է․

«Հարգելի պարոն քաղաքապետ,

Տեղեկանալով թաղամասում գործող միակ մասսայական գրադարանի լուծարման մասին՝ խորը վրդովմունք և հիասթափություն ապրեցինք։ Լուծարվում է մի գրադարան, որն ունի հարուստ գրքային ֆոնդ և սպասարկում է Տարոն 4 և Տավրոս թաղամասը, ինչպես նաև բազմաթիվ ընթերցողների այլ թաղամասերից։ Խնդրում ենք վերանայել ավագանու ապրիլի 18-ի որոշումը և չզրկել մշակույթի, գրքերի կախարդական աշխարհիհետ շփվելու միակ հնարավորությունից»։

Սուսաննա Ղազարյանն ասում է, թե իրենք դեռ հույս ունեն, որ գրադարանը չի փակվի։ Քաղաքապետը պատասխանել է մեկ այլ ընթերցողի նամակին՝ ասելով, որ գրադարանները ոչ թե փակվում են, այլ հաստիքային միավորներն են կրճատվում։

«Այստեղ կա ոչ ճիշտ ինֆորմացիա, որովհետև կոնկրետ մեր գրադարանը փակվում է»,֊ ասել է գրադարանավարուհին։